Haynews.am. 3-5-2010- Հայ-թուրքական հարաբերությունների համար ապրիլը կրիտիկական էր ամեն առումով: Իսկ Թուրքիայի ներքին կյանքում համար մեկ խնդիրը մնում էր սահմանադրական բարեփոխումների գործընթացը, ուշադրության կենտրոնում էին նաև PKK-ականների ահագնացող գործողությունները: Ամսվա սկզբին Թուրքիան 16 երկրում փոխեց իր դեսպաններին: Նրանց թվում էր նաև Իսրայելում Թուրքիայի հանրահայտ դեսպան Օղուզ Չելիքոլը, ով, դիվանագիտական տհաճ միջադեպից հետո, այնուամենայնիվ, փոխարինվեց:
Եվ քանի խոսեցինք Իսրայելից, մի փոքր առաջ ընկնենք և ներկայացնենք թուրք-իսրայելական հարաբերությունների զարգացումը, որն այժմ մեծ թափով ընթանում է հակառակ ուղղությամբ: Երբեմնի դաշնակիցների հարաբերությունների վատթար վիճակն էլ ավելի է վատթարանում, և այս ֆոնի վրա սպասելի է Իսրայելի արտաքին քաղաքականության «սիրելի պատժամիջոցը` հատուկ Թուրքիայի համար»` Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը: Իսրայելական ձախաթևյան «Մերեց» կուսակցությունն ապրիլ ամսվա վերջին Քնեսսեթում բարձրացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Հարցի հետագա քննարկումը կշարունակվի մայիսին: Իսկ այժմ անդրադառնանք բուն հայ-թուրքական հարաբերություններին:
Ապրիլի 7-ին Երևանում էր Թուրքիո վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հատուկ բանագնացն ի դեմս Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուի: Թուրք բանագնացը Նախագահ Սարգսյանին փոխանցեց Էրդողանի նամակը, որով վերջինս ՀՀ Նախագահին խնդրում էր հանդիպել Վաշինգթոնում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում: Նախագահն ընդունեց խնդրանքը և ապրիլի 12-ին Վաշինգթոնում հանդիպեցին Սարգսյանն ու Էրդողանը: Հանդիպումն անցավ փակ դռների ներքո, առանց մանրամասների հրապարակման և կողմերի մեկնաբանությունների: Սակայն հանդիպումից հետո և ՀՀ Նախագահ Սարգսյանի և Էրդողանի խոսքից պարզ դարձավ, որ այս հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության չեն եկել:
Մոտենում էր Ապրիլի 24-ը: Թուրքիան պատրաստվում էր հերթական ուրացմանը: Նույն գագաթնաժողովի շրջանակներում կայացած Էրդողան-Օբամա հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետը վստահ հայտարարեց, որ Միացյալ նահանգների նախագահն ապրիլքսանչորսյան ուղերձում չի արտասանի «ցեղասպանություն» եզրույթը: Այդպես էլ եղավ: Շատ սպասելի Օբաման ասաց նույնը, ինչ և անցյալ տարի: Մի բան պարզ է` աշխարհում բոլորն էլ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, անգամ` Թուրքիան, սակայն ճանաչելու ձևերն են տարբեր:
Վերադառնանք Սարգսյան-Էրդողան վաշինգթոնյան հանդիպմանը և նրան հետևած իրադարձություններին:
Հանդիպումից տասն օր անց ՀՀ Ազգային ժողովի իշխող կոալիցիան հայտարարեց, որ առկախում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը: Նույն օրը ՀՀ նախագահը ստորագրեց արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու վերաբերյալ հրամանագիրը: Արդյունքն առավել հետաքրքիր էր: Կարելի է ասել` Թուրքիայի լուռ էր և մեկ-երկու փոքրիկ մեկնաբանություններից բացի` ոչինչ: Միգուցե կողմերն այս հարցի շուրջ համաձայնության էին եկել հենց Վաշինգթոնում: Հնարավոր է: Թեև երկու կողմերն էլ տարբեր մակարդակներով և ձևերով նշեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը կշարունակվի, սակայն պետք է նշել` եթե ինչ-որ գլոբալ, անսպասելի փոփոխություներ չլինեն, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որի հանգուցակետն արձանագրությունների ստորագրումն է, կարող է երկարել մինչև 4-5 տարի: Պատճառը` Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ընտրություններ 2011 թվականին, ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ` 2012 թվականին:
Իսկ այս արձանագրությունները, որոնք փոքր ինչ հապճեպ էին, միգուցե հիմք ծառայեն նոր արձանագրությունների համար... որոնց ի հայտ գալն ավելի հավանական են, քան այս արձանագրությունների վավերացումը...
Գևորգ Պետրոսյան
Monday, May 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment