News.am. 3-5-2010- ԶԼՄ-ներում պատկերի փոփոխությունը լրագրության ճգնաժամ է ստեղծում Եվրոպայում: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը՝ Մամուլի ազատության օրվա կապակցությամբ:
«ԶԼՄ-ների պատկերը փոփոխվում է աննախադեպ արագությամբ: Սեփականության կենտրոնացումը, թերթերի փակումը, խմբագրությունների կրճատումն ու վերափոխումը համընկնում են ինտերնետում չճշտված տեղեկատվության չափից դուրս աճի հետ: ԶԼՄ-ների շուկաները դառնում են ավելի արագ, բայց առաջարկում են ավելի մակերեսային լուսաբանում: Լրագրության ճգնաժամը սպառնում է խնդիր դառնալ Եվրոպայում ժողովրդավարության համար»,- ասված է հայտարարության մեջ:
Հանձնակատարը կարծում է, որ ԶԼՄ-ների նոր համապատկերում լրագրող-վերլուծաբանը, որը որակյալ տեղեկատվություն է առաջարկում, կարող է հայտնվել մեռնող տիպերի շարքում:
Հայտարարության մեջ նշվում են ազդեցիկ հետաքննող լրագրողների անուններ, որոնք դարձել են բռնության գազանային ակտերի զոհեր. Աննա Պոլիտկովսկայան՝ Ռուսաստանում, Հրանտ Դինքը՝ Թուրքիայում, Գեորգի Գոնգաձեն Ուկրաինայում եւ Էլմար Հուսեյնովն Ադրբեջանում: «Նրանք բոլորն էլ աննախադեպ խիզախություն ցուցաբերեցին եւ իրենց նվիրեցին վիճահարույց քաղաքական խնդիրներում ճշմարտության վերհանմանը: Նրանց մահվան դեպքերը կարող են մյուս լրագրողներին ավելի զգուշավոր դարձնել եւ ինքնաքննադատություն առաջացնել»,- ասել է Համարբերգն ու հավելել. «Կառավարությունները պետք է ցույց տան, որ պատրաստ են պաշտպանել ԶԼՄ-ներին՝ ոչ միայն խոսքով, այլեւ կոնկրետ գործողություններով: Որեւէ ջանք չպետք է տնտեսվի, ձերբակալելու եւ դատելու ոչ միայն փաստացի կատարողներին, այլեւ նրանց պատվիրատուներին», նշված է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի հայտարարության մեջ:
Monday, May 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment