«ԱԶԳ, 04-05-2010- Միացյալ Նահանգներում վերջին օրերին Հայոց ցեղասպանության տարելիցի հետ կապված երկու հանգամանք խորապես ցնցել է ինձ եւ ոչ միայն ինձ: Այդ երկու հանգամանքներն էլ առաջին հայացքից կարող են անկարեւոր եւ աննշան թվալ, բայց հղի են լուրջ հետեւանքներով, որոնք կանխելն առավել հեշտ է, քան չեզոքացնելը:
Առաջինըՙ երեք օր առաջ USArmenia TV-ի («Արմենիա TV»-ի Սփյուռքին ուղղվող տարբերակը) եթերում էր երգչուհի Քրիստինե Պեպելյանը , որ այս անգամ Լոս Անջելեսից վարում էր այն տասնյակ անբովանդակ եթերներից մեկը, որոնք սովորաբար ստանձնում է Հայաստանում: Այս անգամ, սակայն, Քրիստինեի հյուրերն էին երկու երիտասարդ, որոնք ներկայացնում էին տխրահռչակ «Կյանքի խոսք» աղանդը: Ողջ հաղորդումը նվիրված էր նրան, որ երիտասարդներն ապրիլի 24-ին կազմակերպում են խաչաձեւ երթ` Գլենդեյլի փողոցներով, եւ հրավիրում էին բոլոր հայերին` միանալ իրենց միջոցառմանը: Բնականաբար, աղանդներին հատուկ քարոզչության բոլոր կանոնների համաձայն, իրենց աղանդի անունը երիտասարդները մի քանի անգամ միայն հիշատակեցին` փոխարեն կենտրոնանալու իրենց «քրիստոնեական» եւ «հրաշալի» մտահաղացման վրա, ու մինչ Քրիստինե Պեպելյանը տալիս էր այն հարցերը, որ հայ «հեռուստահաղորդավարներն» ուղղում են իրենց հյուրերին գովազդելու նպատակով, երիտասարդներն ավելի մեծ ոգեւորությամբ էին պատմում իրենց «ազգանվեր» եւ «բացառիկ» մտահղացման մասին: Անթույլատրելի է, որ կրոնական աղանդը` հոգեորսության PR ապահովելու նպատակով շահարկում է նահատակների ոգեկոչման հանգամանքը: Առավել տխուր է, որ այդ քարոզին ջանադրաբար մասնակցում է հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից մեկը: Արդյոք այս երգչուհի՞ն էլ մյուսների պես (ըստ մամուլի հրապարակումների` Արմինկան, Շպռոտը, Անդրեն եւ այլք կյանքիխոսքականներ են) զինվորագրվել է «Կյանքի խոսք» աղանդին, թե՞ ոչ:
Որ հայաստանյան «Շանթ»-ի գործընկեր ARTN TV-ն իր եթերը պարբերաբար տրամադրում է հայկական ամենատարբեր աղանդավորական կազմակերպություններին` եթերային ժամերգությունների եւ անգրագետ քարոզների համար` հայտնի է բոլորին, բայց որ CS Holding-ն էլ նման գործողությունից չի խորշում` նորություն էր:
Երկրորդ հանգամանքը, որ առավել լուրջ հետեւանքներ կարող է ունենալ, վերաբերում է Հայաստանյայց առաքելական եկեղեցու արեւելյան թեմի Նյու Յորքի Սբ Վարդան Մայր տաճարիՙ ապրիլի 23-ի երեկոյան տեղի ունեցած համերգից հետո, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի ելույթին: Իր խոսքում դեսպանն ասաց, որ (մեջբերում ենք ոչ բառացի եւ թարգմանված) «ճնշված եւ հարստահարված ազգի ազատ լինելու ցանկությամբ պայմանավորված ապստամբելու արդար հանգամանքը որեւէ կերպ իրավունք չի տալիս հարստահարող եւ ճնշող միավորին իրականացնելու Ցեղասպանություն»: Թեեւ դեսպանի ելույթը վերջում ծափահարությունների արժանացավ, սակայն ակնհայտ էր եկեղեցու դահլիճում տիրող դժգոհությունը: Դեսպան Նազարյանի սխալը ոչ միայն պայմանավորված է պատմության այդ շրջանի անտեղյակությամբ, այլեւ վտանգավոր է Հայոց ցեղասպանության ճանաչման համար: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնն ամենակորեւորներից է, եւ նման պաշտոնյայի կողմից այսպիսի խոսքերի արտաբերումը կարող է ԱԳՆ-ից իր դեսպաններին տրվող ցեղասպանության մասին պաշտոնական ուղենիշների բացակայության ապացույց համարվել: Թեեւ դեսպան Նազարյանն իր խոսքում խստորեն դատապարտեց ցեղասպանությունը, սակայն ինքը ջուր լցրեց նույն թուրքերի ջրաղացին, ըստ որոնցՙ իրենք ճնշել են հայերի ըմբոստությունները: Ըմբոստություններ չեն եղել, եղել են ինքնապաշտպանության դեպքեր, որոնք պատասխան էին տասնամյակներ շարունակ տարվող ցեղասպանական գործողություններին եւ ջարդերին, որոնք վերջնական քաղաքական-գաղափարախոսության եւ խիստ կազմակերպված համակարգային տեսք ստացան Առաջին համաշխարհայինի օրերին: Ցեղասպանությունը նախագծվել եւ իրականացվել է ոչ թե ի պատասխան հայերի արդար կամ հիմնավոր պահանջների, այլ` որպես միակ լուծում ազատվելու համար բնիկ տարրից, որ Թուրքիայի ֆինանսական, տնտեսական եւ մշակութային կյանքի առաջատարն ու դոմինանտն էր եւ որ թուրքերին ներշնչում էր նույն այն զգացողությունը, ինչ երեք տասնամյակ անց` դրդելու էր Հիտլերին իրականացնելու XX դ.-ի երկրորդ Ցեղասպանությունը` հրեական Հոլոքոսթը:
Դահլիճում ներկա իմ մի հրեա բարեկամը, որ եկել էր հարգելու Հայոց եղեռնի զոհերի հիշատակը, դժգոհություն արտահայտելով` ասաց. «Դա նույնն է, ինչ Իսրայելի դեսպանն ասեր, որ հրեաները դժգոհ էին Երրորդ ռեյխի ճնշումներից եւ մտմտում էին արդարացիորեն ապստամբել, երբ Հիտլերը որոշում ընդունեց այդ արդար պահանջները ցեղասպանության միջոցով լուծելու: Անհնար է»: Իմ հրեա բարեկամն արդարացի է: Հրեաների պարագայում դա անհնար է, անհնար պետք է լիներ նաեւ հայերի պարագայում: Այժմ ստիպված ենք ասել` նման տեսակետների արտահայտումը Հայաստանի պաշտոնյաների կողմից անթույլատրելի է:
Թեեւ Կարեն Նազարյանը փորձառություն ունեցող դիվանագետ է եւ անգլերեն վարժ է կարդում, բայց ՄԱԿ-ում դիվանագետ լինելու հանգամանքը պարտականությունների առավել լայն շրջանակ է ենթադրում. օրինակ` սեփական պատմության ամենաողբերգական եւ քաղաքականապես առօրեական հարցի համակարգային գիտություն եւ այդ հարցի ազգային շահից բխող լուսաբանում ու քարոզում:
ՀԱՅԿ Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Պատմաբան, Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտորանտ, 24 ապրիլի, 2010 թ., Նյու Յորք, ԱՄՆ
Tuesday, May 4, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment