Tert.am. 3-5-2010- Մամուլի ազատության օրվա կապակցությամբ այսօր Նկարիչների միությունում բացվեց «Մամուլի ազատություն. տեղեկատվության ազատության իրավունք» խորագրով ցուցահանդես։ Բացմանը ներկա էին տարբեր երկրների դեսպաններ, պաշտոնյաներ։
Ներկայացված 300 աշխատանքներից ընտրված 30 ինքնատիպ լուսանկարներ ներկայացնող ցուցահանդեսում արտացոլված են խոսքի և տեղեկատվության մատչելիության իրավունքի կիրառման մարտահրավերներն ու հնարավորությունները։Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը նշեց, որ այսօր հարգանքի տուրք է մատուցվում բոլոր այն լրագրողներին, որոնք իրենց մասնագիտական պարտքը կատարելիս ենթարկվում են բռնությունների։ Այս համատեքստում նա հավելեց, որ 2009թ. տվյալներով աշխարհում սպանվել է 71 լրագրող։
Դեսպանը հիշեցրեց, որ Freedom House–ի մամուլի ազատության 2010թ. զեկույցի համաձայն՝ Հայաստանն ընդգրկվել է ոչ ազատ երկրների խմբում։ Յովանովիչը հույս հայտնեց, որ առաջիկայում հեռուստաեթերի կապուղու լիցենզիաներն արդար եղանակով կտրամադրվեն հաղթողներին։
Նշենք, որ ցուցահանդեսի կազմակերպիչներն են Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, ԵԱՀԿ Երևանի գրասենյակը և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությանը։
Tuesday, May 4, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment