Tuesday, May 4, 2010

Ո՞Վ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ «ԵՐԿՐՈՐԴ ԵՂԲԱՅՐԸ»

«ԱԶԳ, 04-05-2010- Երեկ երկօրյա այցով Ադրբեջան ժամանեց Իրանի ներքին գործերի նախարար Մոստաֆա Նաջջարը : Հենց օդանավակայանում նախարարը հայտարարել է, որ Իրանը Ադրբեջանի հետ սերտորեն կհամագործակցի բոլոր որորտներում: Նաջջարն ընդգծել է, որ երկու երկրների համագործակցությունը «հաջողությամբ զարգանում է». «Մենք ադրբեջանական կողմի հետ կքննարկենք անվտանգության եւ սահմանային խնդիրների, մաքսանենգության եւ անօրինական միգրացիային վերաբերող հարցեր», նշել է իրանցի նախարարը: Իրանական պատվիրակության կազմում են Գիլանի, Արեւելյան Ատրպատականի, Արեւմտյան Ատրպատականի եւ Արդեբիլի նահանգապետները, Իսլամական խորհրդի մեջլիսի անդամներ, ինչպես նաեւ պաշտոնյաներ` Իրանի ՆԳՆ-ից եւ ԱԳՆ-ից: Այս ամենը հատկանշական է այն առումով, որ Բաքուն տարբեր մակարդակներով բազմիցս է բարձրաձայնել, որ Իրանի վերոհիշյալ շրջանները «բնիկ ադրբեջանական են»: Իրանի հենց այս պատվիրակությունը, նախարար Նաջջարի խոսքերով, Ադրբեջանի հետ պետք է քննարկի նաեւ «սահմանային խնդիրներ»: Հանդիպելով Մոստաֆա Նաջջարին` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը արդեն վստահություն է հայտնել, որ «երկու երկրների բարեկամական ու եղբայրական հարաբերությունների համար Նաջջարի այցը լուրջ խթան կլինի»: Իրանի ՆԳ նախարարի այցին զուգահեռ` մայիսի 4-ին Իսրայել կմեկնի Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը, որը հանդիպումներ կունենա Իսրայելի ԱԳ նախարարի տեղակալի եւ մի շարք դիվանագետների հետ: Նախատեսվում է նաեւ Ազիմովի հանդիպումը Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի հետ: Իսրայելի հետ նույնպես Բաքուն կքննարկի «երկկողմ բարեկամության հարցեր, տարածաշրջանային խնդիրներ» եւ այլն: Իսկ մայիսի 6-ին Իսրայելի Հադրա քաղաքը կհյուրընկալի մեծ պատվիրակություն «եղբայրական Ադրբեջանից». այդ օրը քաղաքում կբացվի Հեյդար Ալիեւի անվան պուրակ, իսկ ադրբեջանական պատվիրակությունը, որի մեջ կմտնեն 40 հոգի, կգլխավորի Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը: Տպավորությունն այնպիսին է, որ Բաքուն հայտարարել է «նոր եղբոր մրցույթ», ո՞վ ավելի շահեկան կլինի Թել-Ավի՞վը, թե՞ Թեհրանը, եւ ամենակարեւորը` ո՞ւմ ավելի շահեկան կլինի եղբայրություն անել Բաքվի հետ` Իսրայելի՞ն, թե՞ Իրանին, ցույց կտա ժամանակը: Հ. ԱՖՅԱՆ

No comments: