Saturday, May 8, 2010

Բաքվում մենք ցույց տվեցինք, որ պատրաստ ենք բանակցությունների. Վիգեն եպիսկոպոս Այքազյան

Tert.am. 7-5-2010- Ամենայն Հայոց կաթողիկոսը պատրաստ է Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հետ երկխոսության, որը պետք է լինի խաղաղության մասին։ Այս մասին The Armenian Reporter-ի հետ հարցազրույցում ասել է Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Վիգեն եպիսկոպոս Այքազյանը՝ ներկայացնելով Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի՝ վերջերս Բաքու կատարած այցը, որին մասնակցել է նաև եպիսկոպոսը։ Նա նշել է, որ «մենք կարող ենք միմյանց դուր չգալ, սակայն պետք է կազմակերպենք փոխայցելություններ, անցկացնենք բանակցություններ»։ Այքազյանի խոսքով՝ մինչև Բաքու մեկնելը կասկածներ են եղել այն առնչությամբ, որ եթե Հայոց կաթողիկոսը, Ռուսաց պատրիարքը և ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը նախապես չպայմանավորվեն համատեղ հայտարարությամբ հանդես գալու մասին, ապա այցը չի կայանա։ Ըստ նրա՝ կաթողիկոսը մինչև այցը ցանկանում էր լսել հավասարակշիռ հայտարարություն, և այդ առնչությամբ պայմանավորվածությունից հետո այցը կայացավ։ Եպիսկոպոսը պատմել է, որ իրենք Ադրբեջանում այցելել են հայկական լուսավորչական եկեղեցի, որը վնասվել է 1990թ. հրդեհի հետևանքով։ Հայկական պատվիրակությանը հայտնել են, որ եկեղեցում պահվում են մեծ քանակությամբ գրքեր, այդ թվում՝ 6000 հայերեն գիրք, որոնց հետևում է հայերենին տիրապետող ադրբեջանցի մի կին։ Ըստ Այքազյանի՝ հիշյալ այցը բոլորը պատմական են համարում։ Նա հույս է հայտնել, որ դա կթուլացնի լարվածությունը՝ միաժամանակ նշելով, թե չի կարող ասել՝ որքանով էֆեկտիվ կլինի այն։ «Սակայն, նվազագույնը՝ մենք ցույց տվեցինք, որ պատրաստ ենք բանակցությունների։ Կաթողիկոսը հրավիրեց շեյխ ուլ իսլամին Երևան և նա, իր հերթին, ընդունեց այդ հրավերը»,- ասել է Վիգեն եպիսկոպոսը։ «Հոգևոր առաջնորդները հավաքվել էին, քանի որ մենք հավատում ենք, որ կարող ենք դրական դերակատարություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ կարգավորման գործում։ Հոգևոր առաջնորդները հնարավոր է՝ չունեն քաղաքական ուժ, բայց նրանք կարող են ազդել իշխանության գլուխ կանգնածների վրա»։ Վիգեն եպիսկոպոս Այքազյանը նաև ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը Բաքվում բարձրացրել է Հին Ջուղայի հայկական խաչքարերի հարցը և ընդգծել հուշարձանների պահպանության անհրաժեշտությունը։

No comments: