«ԱԶԳ, 04-05-2010- Մինչ աշխարհի չորս ծայրերում, ներառյալ Ստամբուլում, այս տարի տարբեր միջոցառումներ էին տեղի ունենում նվիրված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին, Անկարայի «Պրինսես հյուրանոցում» ապրիլի 24-ին երկօրյա գիտաժողով է կայացել, որն իր բովանդակությամբ կարելի է համարել «աննախադեպ»:
Ըստ Արա Սանջյանից (Միչիգան, ԱՄՆ) ստացված տեղեկության, գիտաժողովը, որն անցկացվել է անվտանգության ծառայողների խստագույն հսկողության ներքո, Անկարայի «Մտքի նախաձեռնության ազատություն» հասարակական կազմակերպության մտահղացումն է եղել: Դրան մասնակցել են մոտ 200 հոգի, հիմնականում Ցեղասպանությունը ճանաչելու կողմնակիցներ եւ ակտիվիստ մտավորականներ, ինչպիսիք են Իսմայիլ Բաշըքչին, Բաշքըն Օրանը, Ռագիփ Զարաքոլուն, Թեմել Դեմիրերը, Սաիտ Չեթինօղլուն եւ Սեւան Նշանյանը:
Բաշըքչին առաջինն է, որ Թուրքիայում գիրք է գրել քրդերի մասին: Երկար տարիներ այդ պատճառով բանտարկվել է: Օրանը քաղաքագիտության դասախոս է եւ «Ներողություն» արշավի նախաձեռնողներից: Դեմիրերը գրող է, որն իր համարձակ մտքերի եւ գրությունների համար բազմիցս հետապնդվել է դատական կարգով: Չեթինօղլուն գիտաշխատող է եւ ակտիվ հասարակական գործիչ, Զարաքոլուն ճշմարտության մարտնչող պաշտպան է, իսկ Նշանյանըՙ մի քանի գրքերի հեղինակ եւ «Ակօս» թերթի հոդվածագիր:
Օտար գիտնականներից գիտաժողովին մասնակցել են Դեյվիդ Գաունտը (ցեղասպանագետ, հեղինակ «Կոտորածներ, դիմադրություն, պաշտպաններ: Մահմեդական-քրիստոնեական հարաբերությունները Արեւելյան Անատոլիայում Ա. համաշխարհայինի ժամանակ» գրքի), Անրի Թերիոն (փիլիսոփայության դասախոս Վուստերի պետհամալսարանում), Խաչիկ Մուրադյանը («Արմինյըն Ուիքլի» շաբաթաթերթի խմբագիր, Քլարկ համալսարանում դոկտորականի վրա աշխատող ուսանող), Հարրի Բարսեղյանը (Բոստոնում «Հրանտ Դինքի բարեկամների» ընկերության նախագահ), Էյլիան Ուիլյամսը (գրող-ակտիվիստ Ուելսից): Բացի Գաունտից, մյուսները քննարկումների ժամանակ անդրադարձել են «Հայկական հարցը: Ի՞նչ պետք է արվի եւ ինչպե՞ս» թեմային: Դրա շուրջը խոսել են նաեւ Նշանյանը, Դեմիրերը եւ Զարաքոլուն: Խոսքը հիմնականում փոխհատուցման եւ արդարության վերականգնման մասին է եղել: Թերիոն մասնավորապես նշել է, որ «Թուրքիան պարտավոր է վերադարձնել բոլոր բռնագրաված ինչքերը, ներառյալՙ հողային, նյութական եւ եկեղեցապատկան ունեցվածքները»: Նշանյանը կտրականապես հակադարձել էՙ ասելով, որ դրա ժամանակը չէ, եւ որ խնդիրը դրանով փակուղի կմտնի: Դեմիրերը եւ Ուիլյամսը նույնպես պաշտպանել են Թերիոյին:
«Լքված կալվածքների» շուրջը քննարկումները նույնպես մեծ հետաքրքրություն են առաջացրել: Դրանց մասնակցել են գրողներ Աշլը Կոմուն, Նեւզատ Օնուրանը, Մեհմեդ Պալաթելը (որի մագիստրատուրայի ատենախոսության թեման հենց բռնագրավված կալվածքներն են եղել) եւ Ջեմիլ Էրթեմը:
«Պաշտոնական գաղափարախոսական ժխտումը եւ բնաջնջման քաղաքականությունը «Միության եւ առաջադիմության կոմիտեից» մինչեւ քեմալիզմ» թեման քննարկել են գիտնականներ Օսման Օզարսլանը, Թումա Չելիքը, Չեթինօղլուն եւ Բեշըքչին, «Հայոց ցեղասպանությունը պատմական տեսանկյունից» թեման արծարծել են Ադիլ Օքայը, Նահիր Սայինը եւ Օրանը:
Կոնֆերանսի նշանակությունը, ըստ հաղորդագրության, այն է եղել, որ առաջին անգամ ոչ թե սոսկ Ցեղասպանության փաստի մասին է խոսվել, այլ բռնագրավված ունեցվածքի վերադարձի, փոխհատուցման եւ առաջ շարժվելու մարտահրավերների մասին: Հատկանշական է եղել նաեւ, որ ժխտողական քաղաքականության կողմնակիցներ չեն մասնակցել դրան: Չի թույլատրվել անցկացնել ցույցեր գիտաժողովի դեմ:
Tuesday, May 4, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment