Tuesday, May 4, 2010

Հայերը Ֆրանսիայի Սենատի առջեւ ցույցով հորդորելու են Ցեղասպանության ժխտումը դատապարտող օրինագիծը ընդունել

News.am. 3-5-2010- Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հայկական արմատներ ունեցող բոլոր ֆրանսիացիներին եւ բարի կամքի բոլոր մարդկանց կոչ է արել մայիսի 18-ին հավաքվել Լյուքսեմբուրգյան պալատի առջեւ եւ Սենատի անդամներից պահանջել 1915 թ. Հայոց ցեղասպանության փաստը ժխտողներին քրեական պատասխանատվության ենթարկել, հայտնում է ֆրանսիական «Les Nouvelles d’Arménie» ամսագիրը։ Ինչպես նշում է թերթը, Ֆրանսիայի Ազգային ժողովն արել է առաջին քայլը՝ 2006-ին ընդունելով այդ օրինագիծը։ Այդ ժամանակվանից գործընթացը Սենատում սառեցվել է՝ չնայած նրան, որ խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցությունները լավ են վերաբերում դրա քննարկմանը խորհրդարանի վերին պալատում։ Այդուհանդերձ, ոչ ոք տեղից չի շարժվում։ Ոչ ոք քաջություն չի ունենում հարցը Սենատի օրակարգ մտցնել։ «Այն դեպքում, երբ Ֆրանսիան դառնում է ասպարեզ, որտեղից Ցեղասպանությունը ժխտող հայտարարություններ ավելի հաճախ են լսվում, փաստաթղթի ընդունումը հասարակական կարգուկանոնի եւ սոցիալական համերաշխության կոչ կլինի։ Ֆրանսիան պարտավոր է լսել իր քաղաքացիներին»,- գրում է թերթը։

No comments: