Saturday, May 8, 2010

Ի՞ՆՉ Է ՇԱՀԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ

«Լրագիր» 8-5-2010- Հաղթանակի տոնակատարությունը, ընդ որում ոչ թե Երկրորդ աշխարհամարտում, այլ ինչպես շարունակում են կոչել` Մեծ Հայրենականում, Ռուսաստանում դառնում է սեւեռուն գաղափար, որն արդեն 65 տարի պարտադրվում է ոչ միայն ռուս, այլեւ “մերձակա” ժողովուրդներին: Հայաստանը, կախված ռուսական քաղաքականության ազդեցությունից, այդ օրը նշում է փոփոխական զգացմունքայնությամբ: Մի քանի տարի առաջ, օրինակ, կասկածներ էին հնչում առ այն, թե իրականում ինչ է արդյոք շահել հայ ժողովուրդն այդ պատերազմում: Կորցրել է 300 հազար երիտասարդ, գեղեցիկ կյանքեր: Թե ինչ է շահել` ոչ ոք չի կարողանում ասել: Շատերը վերլուծում են այն տարիների իրավիճակը եւ պնդում, թե հայերը կարող էին հերթական անգամ թուրքական յաթաղանի զոհ դառնալ, եթե հրաժարվեին կռվել: Ասում են, թե պատերազմում տարած հաղթանակը խթանեց Հայաստանի զարգացումը, թեեւ անհասկանալի է, ինչ խթան կստանար, եթե չլիներ պատերազմը: Ի՞նչ է շահել իմ տատիկը, որի չորս որդիներից երեքը զոհվել են այդ պատերազմում: Այդպես էլ ողջ կյանքն ապրեց արցունքն աչքերին: Այդ պատերազմի շատ գաղտնիքներ արդեն բացված են: Այն, ինչ խորհրդային քարոզչությունը ներշնչում էր ժողովուրդներին, արդեն բացարձակ ճշմարտություն չի համարվում: Ասենք, ոչ ոք արդեն չի հավատում Ստալինի անկեղծությանը, ով գործարքի մեջ մտավ Հիտլերի հետ եւ ստորագրեց չհարձակման մասին պակտը, որն իրականում համաձայնություն էր Եվրոպան բաժանելու մասին: Բացահայտվել են Կատինի իրադարձությունները, որոնք հաստատում են, որ գերմանացիներն այն աստիճանի ճիվաղներ չէին, ինչպես ներկայացվում էր, եւ նրանք չեն լեհ ժողովրդի ծաղիկը ոչնչացրել, այլ խորհրդային իշխանությունը: Հեռու չէ այն օրը, երբ Ռուսաստանի իշխանությունը կընդունի եւս մեկ գաղտնիք` սովետական մարդիկ պատերազմում էին ոչ թե անվտանգության, ազատության ու խաղաղության, այլ կոմունիստական հանցավոր ռեժիմը պահպանելու համար, որին շատերն անկեղծ հավատում էին: Եւ կստացվի, որ 300 հազար հայեր զոհվել են` պաշտպանելու սովետական կարգերը, որպեսզի իրենց ընտանիքները դեռ երկար ապրեն աղքատության, վախի մեջ, ճամբարներում: Պատերազմել են հանուն այն բանի, որից ներկայում հրաժարվում ենք: Չի հրաժարվում միայն Ռուսաստանը: Թերեւս, այն պատճառով, որ նրան 20-րդ դարում այդպես էլ ոչինչ չի մնացել: Եւ դա ընդունելու փոխարեն Ռուսաստանը համառորեն գնում է այդ ճանապարհով: Եւ իր հետեւից քաշում է Հայաստանին: ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: