Saturday, May 8, 2010

Որովհետև Շուշին եզակի բնակավայր է

Tert.am. 8-5-2010- Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, ով մասնակցել է Շուշիի ազատագրման և Խոջալուի մարտերին, այսօրվա ասուլիսում պատմեց իր հիշողությունները։ Ըստ նրա` որքան էլ ադրբեջանական կողմը հայտարարություններ տարածի, թե Խոջալուի խաղաղ բնակչությունը հայերի կողմից կոտորվել է, փաստերն այլ բան են վկայում: Գեներալ-մայորը հիշում է` հայ զինվորները մարդասիրական մոտեցում էին ցուցաբերում և Խոջալուն գրավելուց հետո թողնում էին, որպեսզի ադրբեջանցիներն այնտեղից անվնաս հեռանան: Անգամ այդ նպատակով մարդասիրական միջանցք էր բացվել: «Պատերազմի չգրված օրենք է դա, սակայն այսօր ադրբեջանցիները մեզ վրա շառ են անում: Մենք թողնում էինք, որ թուրքերը նույնիսկ զգեստապահարանի հագուստներն իրենց հետ տանեին: Մեկը հետ եկավ, ասաց` մածունս նոր եմ մերել, ուզում եմ տանել: Մի թրքուհի էլ հացի խմորն էր գրկել ու գնում»,- հիշեց Պետրոսյանը: Ըստ նրա` ադրբեջանցիները թեև ցանկանում էին, երկար ժամանակ չէին կարողանում Խոջալուն հայերի դեմ օգտագործել: Սակայն հետագայում ինտերնետն ադրբեջանցիներին հնարավորություն ընձեռեց կադրեր վերցնել չեչենական, աֆղանական պատերազմից: Այդ վայրերը շատ նման են Խոջալուին: Իրադարձությունները ներկայացնելիս, ըստ Պետրոսյանի, ադրբեջանիցիները ոչ մի ադրբեջանական կադր չեն օգտագործել: Գեներալ-մայորը նշում է, որ հայկական կողմն այսօր կարող է պաշտոնական մակարդակով Խոջալուի վերաբերյալ ֆիլմ նկարահանել և ադրբեջանցիների ներկայացրածին հակափաստարկներ բերել: Սակայն, ըստ նրա, դա Ադրբեջանն այլ կերպ կընկալի: «Ավելի լավ է` մասնագիտական կառույցները դա անեն` ապացուցելով, որ ադրբեջանցիներն այդ կադրերն ինտերնետից են վերցրել»,- ընդգծեց բանախոսը: Աստվածատուր Պետրոսյանը նաև նշեց, որ Շուշիի դեպքերն ադրբեջանցիները չկարողացան նմանօրինակ կերպով օգտագործել հայերի դեմ, քանի որ աշխարհում Շուշին եզակի բնակավայր է:

No comments: