Monday, May 10, 2010

Դինքի սպանության գործով հերթական լսումը. ցուցմունք կտա գաղտնի վկան

Haynews.am. 10-5-2010- Այսօր Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 14-րդ դատարանում կընթանան Ստամբուլում հրատարակվող «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր, պոլսահայ հասարակական գործիչ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության հերթական դատական լսումները: Դինքի սպանության մեջ կասկածվող 20 հոգու դեմ ընթացող դատավարության այսօրվա լսումների ժամանակ ցուցմունք կտա նաև այն գաղտնի վկան, որն անցյալ լսմանը չէր մասնակցել թուրքերենին բավարար չտիրապետելու և հարմար թարգմանիչ չլինելու պատճառով: Նշենք, որ ազգությամբ հայ գաղտնի վկան պետք է դատարանին ներկայացներ Դինքի սպանության վերաբերյալ նոր հանգամանքներ. վկայի խոսքով վերջինիս սպանությանը ոչ թե միայն Օգյուն Սամասթն է մասնակցել, այլ նաև մեկ այլ կասկածյալ Էրհան Թունջելը: Հիշեցնենք, որ 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև հրազենից արձակված կրակից զոհված Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվում է թուրք ազգայնական Օգյուն Սամասթը, ինչպես նաև նրան սպանության դրդող Յասին Հայալը և Էրհան Թունջելը: Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ սպանությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաև հենց Էրհան Թունջելը: Նշենք նաև, որ թուրքական դատարանը պարտավորվել է Դինքի սպանության գործի շրջանակներում քննել էրգենեքոնականների նախագծած «Ճաղավանդակ» գործողությունների պլանը, որում առանձին գլուխ էր հատկացվել Դինքի սպանությանը:

No comments: