Saturday, May 8, 2010

ՄԵՆՔ ԵՆՔ՝ ՄԵՐ ԴԱՎՈւԹՕՂԼՈ՞ւՆ

Report.am. 7-5-2010- Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի վերջին հայտարարությունը հավանաբար անակնկալ չի եղել ՀՀ արտգործնախարարությոան համար: Այլապես հիմա օդը կթնդար, թե Դավութօղլուն այդ կերպ փորձել է հասկացնել միջազգային հանրությանը, թե հայ-թուրքական սահմանի բացման գործընթացը տակավին չի տապալվել ու իրենք մեզ հետ, ծալելով ֆուտբոլային դիվանագիտության էջը, անցել են լուռ դիվանագիտության: Իսկ եթե մեր արտգործնախարարությունում, այնուամենայնիվ, հստակ գիտեն, թե խոսքն ինչի մասին է և ինչ է նշանակում լուռ դիվանագիտություն, ապա պետք է այդ ճյուղի իրենց գիտելիքները կիսեն մեր ժողովրդի հետ, այլապես կստացվի (այս էլ որերորդ անգամ), որ Դավութօղլուն է մեր խոսնակը, և նրանից պետք է սպասենք այս հարցի պատասխանը: Ինչևէ, մինչև մեր ԱԳՆ-ն տեղից կշարժվի, ասենք, որ այս լուռ կամ համր դիվանագիտությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ ժողովրդի գլխին մի նոր բան սարքելու գործընթաց: Ինչու ենք մտածում՝ հենց հայ ժողովրդի գլխի՞ն: Մի պարզ պատճառով՝ այս տարածաշրջանում ուրիշ որբի գլուխ չկա, որ վրան դալլաքություն սովորեն: Բա եթե որբ չլինեինք, այս աստիճանի թշվառ արձանագրություններ կստորագրեի՞նք: Ստորագրեցինք ու հիմա ստիպված իրենց խաղն ենք խաղում, որ ի տարբերություն ֆուտբոլի, կոչվում է լուռ դիվանագիտություն: Սա մի շատ հետաքրքիր խաղ է: Խաղացողները պարզապես իրենք իրենց անհասկացողի տեղ են դնում և անում են այնպես, ինչպես իրենց սեփական շահերն են թելադրում՝՝ հաշվի չառնելով, թե մի ողջ ժողովուրդ ինչ է ուզում այս աշխարհից: Անցած մեկ տարում տեսան, որ եղած-չեղածը բարձրաձայն ասելն այնքան էլ չի նպաստում գործը տեղից շարժելուն: Տեսան, որ հայ ժողովուրդն այնքան էլ համաձայն չէ, որ իր արդի ու պատմական խնդիրների հաշվին ուրիշները բարգավաճեն: Տեսան ու մեր արտառոց այդ կեցվածքից վիրավորվեցին: Որոշեցին ամեն ինչ անել լուռ ու համր՝ իրենց անհասկացողի տեղ դնելով: Հուսանք, որ մերոնք խառը չեն նրանց այս նոր խաղին: Մեր հույսը մեր նախագահի խոստումն է՝ համազգային հարցերը լուծել հայության հետ խորհրդակցելով: Գոնե այս խոստումը գետնին չմնա և մի օր չարթնանաք թուրքի լամուկների՝ Երևանի կենտրոնում բարձրացրած աղմուկից: Իսկ լուռ դիվանագիտությունից, ցավոք, նաև դա կարելի է սպասել: ՀՀ նախագահն ու արտգործնախարարը ստիպված են այլևս ի լուր աշխարհի հայտարարել, որ մենք այդ խաղը չենք խաղում, քանզի չենք ուզում, որ մեր ժողովուրդին անարգեն ու ոտի տակ տան՝ ոչ բարձրաձայն և ոչ էլ լուռ: Կամ կհայտարարեն այս մասին, կամ էլ կմիանան Դավութօղլուի՝ ինքզինքն անհասկացողի տեղ դնելու դիվանագիտությանը: Ընտրությունն իրենցն է: ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

No comments: