Monday, May 3, 2010

Թուրք ազգայնականն Անկարային կոչ է անում ռազմական գործողություն սկսել Հայաստանի դեմ

Tert.am. 3-5-2010- Քանի դեռ Թուրքիան ռազմական գործողություն չի սկսել Հայաստանի դեմ, PKK-ի (Քրդստանի բանվորական կուսակցություն) ահաբեկչական գործողությունները շարունակվելու են: Այս մասին, beyazgazete.com կայքէջի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի «Ազգայնական և պահպանողական» կուսակցության առաջնորդ Ահմեթ Ռեյիզ Յըլմազը` մեկնաբանելով վերջին օրերին հաճախակի դարձած թուրք-քրդական բախումներն ու թուրքական իշխանությունների` քրդական հարցի կարգավորման ուղղությամբ նախաձեռնությունը: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ վարչապետի ամերիկյան այցից հետո ահաբեկության դեպքերը շատանալու են… Դուք հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումից հետո նայեք զոհված թուրք զինվորների թվաքանակին, դուք վարչապետի վաշինգտոնյան այցելությունից մի քանի օր առաջ և դրանից հետո ընկած ժամանակահատվածում նայեք PKK-ի գործողություններին: PKK-ն հայկական ահաբեկչական կազմակերպություն է: Եվ իշխանությունները դա հայտարարելու փոխարեն հայերի հետ արձանագրության անվան տակ PKK-ի հետ զինադադար են կնքում»,- հայտարարել է թուրք ազգայնականը: Հիշեցնենք, որ նման անհեթեթ հայտարարություններով ժամանակին պարբերաբար հանդես էր գալիս Թուրքիայի պատմական ընկերության նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն: Նա, մասնավորապես, նշում էր, որ PKK-ն քրդական շարժում չէ, քանի որ այդ կազմակերպության մեջ ընդգրկված անդամների մեծ մասը հայեր են: «Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ քրդերն ունեն «թուրքմենական», իսկ ալևի քրդերը` «հայկական» ծագում: Երկիրը մասնատել ցանկացող PKK և «Թուրքիայի բանվորների և գյուղացիների ազատագրության բանակ» (TIKKO) ահաբեկչական կազմակերպությունների շարքերում ներառված անդամների մեծ մասը քրդացած հայեր են: Իսկ մեր իմացած այդ շարժումները քրդական չեն»,- հայտարարել էր Հալաչօղլուն:

No comments: