![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjbzS_ordtJ8IJkkceLqFoixhe__wTdIeZV4ol2IlkXc-Y39256hyphenhyphenfBaZbiyM9lh5JC_KAHaBPwce9NQ7n34Apol6RxwHyoyVwKIclOjM7uJXXpmr8uZVJDUw4u7aIOw-BDQYYThtMVBC6g/s200/4666237.jpg)
«Լրագիր» 18-5-2010- Հայ-թուրքական արձանագրությունները թաղվեցին, բայց նախապայմանները մնացել են: Թուրքիային հաջողվեց արձանագրությունների մեջ ներառել 3 հիմնական նախապայման` սահմանների ճանաչում Կարսի պայմանագրի հիման վրա, Հայաստանի հրաժարումը ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում:
2009 թվականի սեպտեմբերից անցած ժամանակահատվածում Անկարան համոզվեց առաջին երկու պայմանների կատարման անհեռանկարայնության մեջ եւ որոշեց իր բոլոր ջանքերն ուղղել երրորդ խնդրի կատարմանը` Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցում որոշակի զիջումների հասնելուն: Մոռանալով արարողակարգի եւ նիստուկացի մասին, Թուրքիան հայտարարեց, որ քանի դեռ չլինի առաջընթաց Ղարաբաղի հարցում, սահմանը չի բացվի: Հայաստանի համար չէ, որ հայտարարեց, որը, սկզբունքորեն, չէր էլ մտածում սահմանների բացման մասին, այլ հայտարարեց միջազգային հանրության համար:
Ադրբեջանն աջակցեց ավագ եղբորը ոչ պակաս բացահայտ փաստարկով` եթե չտաք տարածքները, մենք կսկսենք պատերազմ: Այնպես որ, հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլը կարելի է համարել ցինիկ պրագմատիկ առեւտրի ժամանակաշրջան:
Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ կամ Հայաստանը դրական պատասխան կտա մադրիդյան սկզբունքներին, կամ բանակցային գործընթացը կխախտվի, եւ “Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարող է սկսվել նոր ժամանակաշրջան”: Ինչով է Հայաստանին սպառնում մադրիդյան սկզբունքներից հրաժարումը, Ալիեւը չի մանրամասնել, փոխարենն ակնարկել է, որ “եթե հայկական կողմը դրական արձագանքի առաջարկներին եւ դրա հիման վրա սկսվի հայկական զորքերի դուրսբերումը օկուպացված ադրբեջանական տարածքներից, Ադրբեջանը կբացի Հայաստանի հետ սահմանը”:
Թուրքիայի վարչապետ Էրդողանն ավելի անկեղծ էր եւ հայտարարեց, որ Հայաստանին բավական է դուրս բերել զորքը երկու շրջանից` Քելբաջարից եւ Ֆիզուլիից: Պաշտոնական Երեւանը դեռ չի տալիս այդ առաջարկներին կոնկրետ պատասխան, միայն Շավարշ Քոչարյանն է ժամանակ առ ժամանակ “ատամ” ցույց տալիս թուրք-ադրբեջանական հայտարարություններին:
Սերժ Սարգսյանը գերադասում է փիլիսոփայական մտորումները կյանքի անցողիկության եւ ունայնության մասին: “Մենք պետք է հիշենք, որ մարդկանց բաժանումը էթնիկ եւ ռասայական խմբերի, հանգեցնում է վատ հետեւանքների, որ սեփական բարեկեցությունը չի կարելի կառուցել ուրիշների վշտի վրա, որ ամեն ժողովուրդ ունի իրավունք ապրել եւ զարգանալ այնտեղ, որտեղ նա հազարամյակներով ապրել է, որ ամեն մի ժողովուրդ ինքը պետք է կանխորոշի այն ճանապարհը, որով ցանկանում է անցնել”:
Իր հերթին, Ղարաբաղը, իհարկե ոչ պետական մակարդակով, այլ հասարակական մակարդակով, առաջարկում է ընդհանրապես հրաժարվել մադրիդյան սկզբունքներից եւ ուղղել բոլոր ջանքերը անկախության ճանաչմանը: Օրերս Ստեփանակերտում կայացած “կլոր սեղանի” ժամանակ փորձագետները հայտարարեցին, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը իրականությունը ճանաչելն է:
Ըստ ամենայնի, ամեն ինչ հենց դրան էլ գնում է, եւ Ադրբեջանը մոտ է ճանաչմանն, ինչպես երբեք: Եվ այժմ մնում է միայն ցուցաբերել առավելագույն զսպվածություն:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
No comments:
Post a Comment