Sunday, May 9, 2010

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄՆԱՆ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ

Արամ Կարապետյանի հարցերը՝ ռուսական վերնախավի հետ ջերմ հարաբերությունների մեջ գտնվող հայերին «Առավոտ» 7-5-2010- Թե ինչո՞ւ անկախությունից ի վեր հայ-վրացական հարաբերություններն այդպես էլ չեն կարգավորվում եւ Հայաստանի համար օրհասական իրավիճակներում մեր հարեւան Վրաստանը բավականին ոչ բարեկամաբար է իրեն դրսեւորում՝ նկատի ունենք ե՛ւ Ջավախքում վերջին շրջանի զարգացումները, ե՛ւ Հայաստան եկող ռուսական գազի մատակարարման հետ ժամանակ առ ժամանակ առաջացող խնդիրները, «ներխուժումները» հայկական տարածք, հայկական պատմական հուշարձանների նկատմամբ, մեղմ ասած, ոչ բարեհաճ վերաբերմունքը եւ այլն, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն «Առավոտի» հետ զրույցում այս հարաբերությունների չկարգավորման երեք հանգամանք մատնանշեց: Ըստ նրա, նախ՝ Վրաստանն անընդհատ մտավախություններ ունի, որ Հայաստանը կուժեղանա եւ մի օր տարածքային հարցեր կառաջադրի իրեն: Երկրորդ՝ Վրաստանում հստակ հասկանում են, որ հայկական սփյուռքի եւ մեր համաշխարհային կապերի պարագայում տարածաշրջանային առաջատար երկրի ամենալավ հավակնորդը Հայաստանն է, իսկ Վրաստանը մշտապես ձգտել է տարածաշրջանային առաջատարը լինել: Եվ երրորդ՝ միշտ այնպես է ստացվել, որ հայկական եւ վրացական աշխարհաքաղաքական կողմնորոշումները երբեք մինչեւ վերջ չեն համընկել: Նկատենք, որ դեռ Զվիադ Գամսախուրդիայի իշխանությունից սկսած, Վրաստանը միշտ արեւմտյան աշխարհաքաղաքական դաշտում է եղել, իսկ Հայաստանի պետականության հիմնադրումից ի վեր, մեր երկիրը հարել է Ռուսաստանին: Եվ, բնականաբար, այս հարցերում բավականին լուրջ հակասությունները, որոնք մշտապես աշխարհաքաղաքական հակասությունների են հանգեցրել, նաեւ թելադրել են տարածաշրջանային հարցեր: Պարոն Կարապետյանը հիշում է, որ վերջերս Խաինդրավա եղբայրներից մեկը հայտարարել էր, որ Վրաստանի ներկայիս կարեւորագույն դեմքերը ծագումով հայ կամ կիսահայ են: «Հետաքրքիր է, Վրաստանում ինչ-որ չափով հայկական լոբբի կա, բայց մեր հանդեպ քաղաքականությունը՝ չէի ասի, թե շատ բարիդրացիական է»,- տարակուսում է մեր զրուցակիցը: «Առավոտի» դիտարկմանը, որ մեկ-երկու տարի առաջ Հայաստանի ու Վրաստանի նախագահները փոխայցելություն ունեցան, բարեկամության մասին գեղեցիկ ճառեցին, բարձրագույն մեդալներ փոխանակեցին, բայց անգամ դա գործին չօգնեց եւ չարժե՞ արդյոք, որ Հայաստանը փոքր-ինչ կոշտացնի իր դիրքորոշումը, պարոն Կարապետյանը պատասխանեց. «Թեեւ ես արմատական ընդդիմադիր եմ, բայց, այլընտրանքային ուղիների բացակայության պարագայում, ես չեմ կարծում, որ արդարացված է կոշտ քաղաքականությունը: Էլ չեմ ասում, որ Հայաստանը երբեք չի կարող կոշտ քաղաքականություն վարել, որովհետեւ միշտ փափուկ իշխանություն ենք ունեցել: Նկատի ունենալով նաեւ այն, որ ձեր ասած մերձեցումը նախաձեռնել էին ամերիկացիները եւ դրանում մեծ դեր ուներ ներկայումս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարիա Յովանովիչը, չեմ կարծում, թե ամերիկացիները կսատարեն Վրաստանի նկատմամբ Հայաստանի իշխանության կոշտ դիրքորոշումը»: Իսկ որ ամենաէականն է, ըստ ՆԺԿ ղեկավարի, Հայաստանի ներկայիս իշխանությունն այնքան թույլ է եւ Հայաստանն այնպիսի ծնկի եկած վիճակի են հասցրել, որ դիրքորոշման որեւէ կոշտացում՝ կլինի արկածախնդրություն. «Դա պետք է անի ուժեղ պետությունն ու իշխանությունը՝ հաշվի առնելով բոլոր հնարավոր հետեւանքները: Այսպիսի ներքին քաղաքական ասպեկտով, արտաքին քաղաքական կոտրված վիճակով դա ավանտյուրա է»: Հստակեցրի, որ դիրքորոշման կոշտացում ասելով նկատի ունեմ հարեւանների հետ ճիշտ, պարզ, շիտակ հարաբերությունների կարգավորում: Արձագանքը եղավ. «Անհնար է, որպեսզի կարողանանք նման հարաբերություններ հաստատել, պետք է լինենք ուժեղ եւ ժողովրդավար, կայուն պետություն, որտեղ ժողովուրդը միահամուռ է եւ կյանքի լավ որակ ունի: Այդ պարագայում նման ռեսուրս կունենաս, բայց ոչ հիմա, երբ Թուրքիայի հետ թշնամացած ես, Ադրբեջանի հետ պատերազմի շեմին, տեղում զորակոչի թիվ ես բարձրացնում՝ խեղճ ու կրակ ասպիրանտների ու մագիստրանտների հաշվին, մնացած բոլոր ոլորտներում էլ ճահճացած վիճակ է: Մի բան կասես, կասեն՝ եղավ, վրադ կծիծաղեն ու վերջ»: Ի դեպ, վերջերս «ՀայՌուսգազարդի» տնօրենը հայտարարեց, որ 2012 թվականից մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը պատրաստվում է վերանայել Հայաստանին տրամադրվող գազի սակագինը՝ այն հավասարեցնելով եվրոպական գներին. հետաքրքրվեցինք, այս պարագայում ճիշտ չէ՞, որ հայկական կողմն էլ վերանայի մեր երկրում ռուսական ռազմաբազաների գոյության պայմանները, քանի որ ՌԴ-ն այդ բազաների տարածքի վարձակալության գումարներ չի վճարում, ավելին, կոմունալ ծախսերն էլ հօգում է հայկական կողմը: Արամ Կարապետյանը կտրականապես դեմ է նման մոտեցմանը: Ավելին, իր հերթին հարց է ուղղում մեր երկրի նախագահին, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Կարեն Կարապետյանին, Սամվել Կարապետյանին, Արա Աբրահամյանին՝ ինչո՞ւ է մեր ռազմավարական գործընկերը որոշել նման քայլի գնալ, նման թշնամական վերաբերմունք դրսեւորել. «Մենք բոլորս Դումայի պահակի զոքանչին էինք ճանաչում, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը ընտանիքներով մտերմություն էին անում Պուտինի եւ Մեդվեդեւի հետ, եղբայրություն էին անում, անգամ խնամիական փոխհարաբերությունների մասին խոսակցություններ էին գնում: Իրենք գիտեն, թող պատասխանեն, հետո ես կմեկնաբանեմ»: Իր հերթին, Արամ Կարապետյանը նկատեց, որ Դուման պատրաստվում է միգրանտների մասին օրենքի փոփոխություններ ընդունել, որից առաջին հարվածը ստանալու են ՌԴ-ում ապրող-աշխատող հայերը եւ տաջիկները՝ հորդորելով վերոնշյալ անձանց այս հարցի պատասխանն էլ հնչեցնել: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

No comments: