Tert.am. 3-5-2010- Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Թուրքիան փոխում է իր միավեկտոր քաղաքականությունը և մտնում Հարավային Կովկաս։
«Թուրքիան այսօր փոխում է իր արտաքին քաղաքականությունը՝ նախկին միահեծան, դեպի Արևմուտք գնացող միավեկտոր քաղաքականությունը փոխում է բազմավեկտորի, այսինքն՝ նրա համար գոյություն ունեն Եվրոպան և Միացյալ Նահանգները, բայց սրա հետ միասին կա թուրք–ռուսական տնտեսական համագործակցությունը, կա Մերձավոր Արևելքը։ Հետզհետե Թուրքիան ավելի մեծ շեշտադրումներ է անում Հարավային Կովկասում, ինչին մենք, ինչպես միշտ, պատրաստ չենք»,– ասաց Շաքարյանը։
Անդրադառնալով Թուրքիայում հաջորդ տարի կայանալիք ընտրություններին՝ Շաքարյանը նշեց, որ այդ ընտրությունների արդյունքում լինելու է նաև ազգայնականների հաղթանակը, ինչը նշանակում է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն այլևս չի կարող միահեծան կառավարություն կազմել։
Տվյալ իրավիճակի դրական կողմը, ըստ թուրքագետի, այն կլինի, որ որոշումներն այլևս հեշտությամբ չեն կայացվի։
«Միջկուսակցական գզվռտոցը կարգելակի Թուրքիայի առաջընթացը, իսկ բացասականն այն է, որ եթե իշխանության են գալիս ազգայնականները, ապա Թուրքիայի՝ դեպի Հարավային Կովկաս ծավալվելու քաղաքականությունը նրանց մոտ կստանա աջակցություն, ինչպես նաև հակահայկական տարրերն ավելի կուժեղանան»,– պարզաբանեց Արտակ Շաքարյանը։
Monday, May 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment