Երկուշաբթի`Թեհրանում, Իրանը և Թուրքիան համաձայնագիր են ստորագրել Թուրքիայի տարածքում ցածրհարստացված ուրանի փոխանակման մասին: Համաձայնագիրը ստորագրել են Թուրքիայի, Իրանի և Բրազիլիայի արտգործնախարարները, արարողությանը մասնակցել են Իրանի և Բրազիլիայի նախագահները, ինչպես նաև Թուրքիայի վարչապետը:
Իրանում ուրանի հարստացումը անհանգստացնում էր հատկապես ԱՄՆ-ին, որը մեղադրում էր Իրանին միջուկային զենք ստեղծելու մեջ և հայտարարել է, որ Իրանը պատժամիջոցների կենթարկվի, եթե օգտագործի իր սեփական արտադրանքը:
ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիայի հետ համաձայնության գալը վերացնում է պատժամիջոցների կարիքը, սակայն դա կարծես անակնկալ էր Իսրայելի համար, որն ուղղակիորեն մեղադրում է Իրանին միջուկային զենք ստեղծելու մտադրության մեջ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի գրասենյակը չի մեկնաբանել հայտարարությունը, սակայն Իսրայելի կառավարությունից բարձրաստիճան աղբյուրը հայտարարել է, որ Իրանի ղեկավարությանը կարծես թե հաջողվեց կրկին խաբել միջազգային հանրությանը և խուսափել պատժամիջոցներից` իր միջուկային ծրագրի կապակցությամբ առանց լուրջ զիջումների գնալով: Իսրայելի կառավարությունում կարծում են, որ Իրանը չարաշահել է Բրազիլիայի ղեկավարի բարի մտադրությունները և դիվանագիտական ինտրիգներում նրա անփորձությունը:
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփերեստի հայտարարությունից երևում է, որ Իրանը դեռ կարող է հետ կանգնել իր մտադրությունից: Նա նշել է, որ եթե Իրանի, Թուրքիայի և Բրազիլիայի ստորագրած եռակողմ համաձայնագրի տասը կետերից թեկուզ մեկը չկատարվի, ապա 3,5 տոկոսանոց ուրանը կվերադարձվի Իրան:
Իրանական ցածրհարստացված ուրանը կարող է Թուրքիա ուղարկվել Թեհրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) միջև համապատասխան համաձայնագիր ստորագրելուց հետո մեկ ամսվա ընթացքում:
Թեհրանը համաձայնել է փոխանակել 1,2 հազար կգ իր ցածրհարստացված (մինչև 3,5 տոկոս) ուրանը Թուրքիայի տարածքում ավելի շատ հարստացված (մինչև 20 տոկոս) վառելիքի հետ:
Ռուսաստանը և Չինաստանը, որոնք վետոյի իրավունք ունեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, մինչ վերջերս դեմ են արտահայտվել Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներին: Սակայն վերջերս նրանք սկսել են այդ հարցի շուրջ ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել:
Եթե աշխարհը համոզվի արտասահմանում իր ուրանը հարստացնելու Իրանի մտադրությունների անկեղծության մեջ, ապա Իրանի դեմ բազմաթիվ պատժամիջոցները կարող են հանվել, հատկապես, ածխաջրածնային ռեսուրսների առևտրի մասով: Փորձագետների հավաստմամբ` Իրանի վրայից էմբարգոյի հանումը կարող է էապես ազդել նավթի համաշխարհային գների վրա: Իրանը կարող է նաև ընդգրկվել գլոբալ հաղորդակցության նախագծերում, մասնավորապես, Եվրամիության և ԱՄՆ-ի «Նաբուկո» գազամուղի նախագծում: Կփոխվի նաև տարածաշրջանային փոխդասավորությունը, ինչը կարող է ազդել հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վրա:
Նաիրա Հայրումյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից
Tuesday, May 18, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment