![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh0JjfwmVoRFvqxJHYxPGs6tVkvfEppTaOEzwEykVHA0NG1ZZ3YGNV5HlKLWMGK873UxEtKdF4tIPyC8NGc8L1gZ0pCJ7slBYuLtvX5PTZ-DZXHSACppwUhS31D-XeL1-mDGUjKObgPE7Ip/s200/Armen+Mardirosian5,Web.jpg)
Tert.am.18-5-2010- Արդեն առաջին անգամը չէ, որ Ազգային ժողովում քննարկվում է մի օրինագիծ, որը հնարավորություն է տալու գազալցակայանների տերերին խուսափել հարկային պարտավորություններից: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը՝ նշելով, որ բոլորիս քաջ հայտնի է, թե ովքեր են այդ գազալցակայանների տերերը` ներկա և նախկին պաշտոնյաները:
Սակայն, ըստ Մարտիրոսյանի, ի տարբերություն այդ դասի, Կառավարությունն անընդհատ տարբեր լծակներով ճնշումներ է բանեցնում փոքր ու միջին գործարարների վրա, իբրև հարկային վարչարարությունը կատարելագործելու նպատակով:
Մարտիրոսյանը հայտարարել է, որ Կառավարությունը օրը ցերեկով իրականացրել է բացահայտ ապօրինություն: «Հաստատագրված վճարների» մասին օրենքի նախագծով՝ մինչև 2010թ. մայիսի 1-ը բոլոր գազալցակայանները պետք է ապահովված լինեին ծախսաչափերով: Բայց Կառավարությունը, խախտելով օրենքը, երկարաձգել է տեղադրման ժամկետը:
«Կառավարությունն այնպիսի գործունեություն է ծավալում, որի արդյունքում հարկային բեռը ընկնում է տնտեսության մեջ քիչ բաժին ունեցող փոքր ու միջին բիզնեսի վրա, իսկ խոշորներին թողնում է ստվերում: Արդյունքում պետական բյուջեից դուրս են մնում հսկայական ֆինանսական միջոցներ, և սա այն պարագայում, երբ մեզանում այժմ տեղի է ունենում առաջին անհրաժեշտության ապրանքների սահուն, բայց անվերահսկելի գնաճ: Երբ նվազագույն աշխատավարձը 30 հազար դրամ է, իսկ նվազագույն սպառողական զամբյուղը պաշտոնապես 40 հազար դրամից անցնում է: Իսկ իրականում, որքան է այն կազմում, հայտնի է ցանկացած քաղաքացու: Միջին աշխատավարձը կազմում է 100 հազար դրամ: Ինչպե՞ս պետք է քաղաքացին գոյատևի, եթե նա այդ աշխատավարձով նաև պետք է ընտանիք պահի: Այն դեպքում, երբ շատ քաղաքացիների աշխատավարձը չի գերազանցում 60-70 հազար դրամը»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը:
Անդրադառնալով կենսաթոշակների հարցին՝ «Ժառանգության» ներկայացուցիչն ասել է, որ ամսական միջինը 24 520 դրամ կենսաթոշակ ստացող թոշակառուն անմիջապես համալրում է աղքատների բանակը, որովհետև այդ գումարը չի ծածկում նույնիսկ պաշտոնապես հայտարարված պարենային զամբյուղը: «Այսինքն` միայն 520 000 կենսաթոշակառուներ կան աղքատության շեմից ցածր, իսկ եթե սրան գումարենք նման սոցիալական վիճակում գտնվող բնակչության մնացած խմբերի քաղաքացիներին, պատկերը կդառնա սարսափելի. բնակչության կեսից ավելին հայտնվել է աղքատության մեջ:
Մինչդեռ Ազգային անվտանգության ռազմավարության ծրագրում հստակ նշված է, որ անհրաժեշտ է հաղթահարել աղքատությունը, իրագործել խոցելի խմբերի պաշտպանվածությունն ապահովող սոցիալական քաղաքականություն»,- հայտարարել է Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ըստ ամենայնի՝ Կառավարությունը խառնել է կողմնորոշումը, և կարծում է, թե սոցիալական առումով խոցելի խմբի մեջ են մտնում գազալցակայանների տերերը և խոշոր պաշտոնատար-տնտեսվարողները: «Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը չի ձևավորվել և չի վերահսկվում քաղաքացիների կողմից»,- ասել է «Ժառանգության» պատգամավորը:
No comments:
Post a Comment