Saturday, May 8, 2010

OMV. Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ պայմանավորվածությունը թույլ կտա Nabucco-ն ապահովել ադրբեջանական գազով

News.am. 8-5-2010- Ավստրիական OMV ընկերությունը, որը Nabucco գազամուղի օպերատորներից է, կարծում է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ գազի տարանցման վերաբերյալ պայմանավորվածությունը թույլ կտա ապահովել Nabucco-ն ադրբեջանական գազով` տարեկան մինչեւ 10 միլիարդ խմ ծավալով: Խոսքը, ըստ OMV-ի գլխավոր տնօրեն Վոլֆգանգ Ռուտենստորֆերի, Ադրբեջանի Շահ Դենիզ-2 աղբյուրի մասին է, գրում է Energy Intelligence Group-ը: Հիշեցնենք, որ նախորդ ամիս Ադրբեջանն ու Թուրքիան համաձայնության են եկել ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով տարանցելու, ինչպես նաեւ այդ գազը Թուրքիային վաճառելու գնի վերաբերյալ: Nabucco գազամուղի համար որպես հիմնական մատակարար համարվում է հենց Ադրբեջանը, որը կասպյան ավազանի գազը պետք է հասցնի Եվրոպա: Որպես գազի այլ պոտենցիալ մատակարարներ, այս նախագծով, կարող է լինել Իրաքը, սակայն այստեղ հակամարտություն կա Իրաքի կենտրոնական իշխանությունների ու Քուրդիստանի ղեկավարության միջեւ: Ռուտենստորֆերի խոսքով, Թուրքմենստանի ներառումը Nabucco նախագծում կարող է լինել ավելի ուշ փուլում: «Մենք գիտակցում ենք այն դժվարությունները, որ կան Կասպից ծովի կարգավիճակի շուրջ, ուստի Nabucco-ի համար առաջնային մատակարարները կլինեն Ադրբեջանն ու Հյուսիսային Իրաքը, իսկ Թուրքմենստանը կարող է միանալ ավելի ուշ»,- ասել է նա: Ըստ «Բրիթիշ Փեթրոլիումի», ադրբեջանական գազի պաշարները 2009-ի սկզբին կազմել են 1,2 տրիլիոն խմ, Իրաքինը` 3,17 տրիլիոն խմ, իսկ Թուրքմենստանինը` 7,94 տրիլիոն խմ: Nabucco նախագծի շինարարության սկիզբ է նախատեսված 2011 թվականը, որը կավարտվի 2014 թվականին: Նախագծի արժեքը 7,9 միլիարդ եվրո է, թողունակությունը` տարեկան 31 մլրդ խմ գազ: Nabucco-ի մասնակիցներն են ավստրիական OMV-ն, հունգարական MOL-ը, բուլղարական Bulgargaz-ը, ռումինական Transgaz-ը, թուրքական Botas-ը եւ գերմանական RWE-ն, յուրաքանչյուրը՝ 16,67-ական տոկոս մասնաբաժնով:

No comments: