Saturday, June 19, 2010

Դավիթ Շահնազարյան. «Ողորմելի է այն իշխանությունը, որը քաղբանտարկյալներ է պահում 21-րդ դարում»

News.am. 18-6-2010- Օպերայի մոտ շարունակվում է Քաղբանտարկյալների եւ քաղհալածյալների կոմիտեի կողմից կազմակերպված նստացույցը, որի մասնակիցները գնալով ավելանում են: Ակցիային մասնակցում են բազմաթիվ հայտնի մտավորականներ ու հասարակական-քաղաքական գործիչներ, ՀԱԿ-ի ներկայացուցիչներ: Նստացույցին մասնակցում են Գագիկ Ջհանգիրյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Արշակ Բանուչյանը, ՆԺԿ նախագահ Արամ կարապետյանը, ինչպես նաեւ Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Արարատ Զուրաբյանը, այլոք: Նստացույցի շրջանակներում ելույթ ունեցավ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը նշելով. «Ողորմելի է այն իշխանությունը, որը քաղբանտարկյալներ է պահում 21-րդ դարում: Մեր պայքարն անկասելի է եւ կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք հասել մեր երկու նպատակներին: Մեր երկու նպատակներն են. Հաղթանակ եւ երկրորդը, նույնպես հաղթանակ»: Այս խոսքից հետո ներկաները սկսեցին վանկարկել. «Հաղթանակ, հաղթանակ»: Վանկարկում էին նաեւ քաղբանտարկյալների անունները, հիմնականում հնչում էին «Սասուն, Սասուն», «Դավիթ, Դավիթ» վանկարկումները, նկատի ունենալով ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանին եւ ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանին: Այնուհետեւ ելույթ է ունեցել նաեւ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը: «Կեցցեն մեր քաղբանտարկյալները: Այսօր մենք մեկ անգամ եւս ուզում ենք հիշեցնել իշխանություններին, որ մենք չենք հանդուրժելու մեր ընկերների ապօրինի ազատազրկումը: Մեր ընկերների ազատ արձակումը չի կարող լինել որեւէ առեւտրի առարկա: Մեր շարժման, ՀԱԿ-ի համար դա անվերապահ գերխնդիր է: Մենք ուզում ենք մեր ընկերներին օր առաջ տեսնել ազատության մեջ եւ մեր պայքարը կդադարեցնենք միայն այն ժամանակ, երբ այս հողի վրա կհաստատենք օրենքի իշխանություն, արդարություն, երբ բոլոր ազնիվ քաղաքացիները կապրեն ազատ ու անկախ Հայաստանում: Մենք նահանջելու, երկնչելու իրավունք չունենք»,- ասաց նա ու հավելեց. «Խաղաքարտի վրա մեր երեխաների ապագան է, մեր երկրի ապագան է: Ես որպես հարկադիր պարապուրդի մեջ գտնվող դատախազ ուզում եմ ասել, որ այս իշխանություններից հոգնել են նաեւ ոստիկանությունը, դատախազներն ու դատավորները: Հավատացեք, որ նրանք մտերմիկ շրջանակներում այնպիսի բաներ են ասում, այնպիսի հայհոյանքներ են տեղում այս վարչախմբի հասցեին, որ մեր մտքով անգամ չի անցնում: Ուզում եմ, որ դուք կայուն ու ամուր լինեք, որ մենք միասնական լինենք: Հաղթանակը մոտ է, հավատացեք: Պայքար, պայքար մինչեւ վերջ»: Այս ելույթին ներկաները արձագանքում էին բուռն բացականչություններով: Ողջ ակցիայի ընթացքում ոստիկանությունը մի քանի անգամ մեգաֆոնով հայտարարել է. «Ակցիայի մասնակիցներ, ձեր կազմակերպած հրապարակային միջոցառումը` նստացույցն անօրինական է, քանի որ Երեւանի քաղաքապետարանը դա թույլ չի տվել, որի մասին իրազեկել են: Անհրաժեշտ է պահպանել հասարակական կարգը եւ կատարել ոստիկանության օրինական պահանջները: Հակառակ դեպքում կկիրառվեն համապատասխան միջոցներ»: Այդուհանդերձ, ակցիան անցել է խաղաղ, ոստիկանությունը ակտիվ գործողությունների չի դիմել: Այն ավարտվել է ժամը 22-ին:

No comments: