Monday, June 21, 2010

Քաղաքագետ. Սանկտպետերբուրգյան եռակողմ հանդիպումը նահանջ էր Ադրբեջանի համար

News.am. 21-6-2010- Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը եւ Լեռնային Ղարաբաղում նախօրեին կատարված միջադեպը, անշուշտ, կապված են միմյանց հետ։ Հունիսի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ անդրադառնալով հունիսի 18-ի լույս 19-ի առավոտյան Ղարաբաղի Մարտակերտի շրջանում ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման արդյունքում զոհված հայ զինվորականների թեմային։ Քաղաքագետի կարծիքով, Ադրբեջանի ռազմական վերնախավում կան ուժեր, որոնք նպատակ ունեն խոչընդոտել ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին։ «Ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի ներխուժումը ԼՂՀ տարածք ցույց տվեց, որ այդ երկիրը ցանկացած պահի պատրաստ է նմանօրինակ քայլերի։ Այսպիսի ակցիաները միտված են ադրբեջանական ռազմական հիստերիան եւ այդ երկրի ղեկավարի՝ իր ժողովրդին տված ռազմատենչ խոստումներն արդարացնելուն»,- ընդգծեց Սերգեյ Մինասյանը՝ հավելելով, որ դիվերսիոն հարձակմամբ ադրբեջանցիները ցանկանում են մեկ անգամ եւս ընդգծել, որ Ղարաբաղում ոչ թե հրադադարի, այլ ռազմական՝ համեմատաբար հանգիստ վիճակ է։ Մինասյանի գնահատմամբ, Ադրբեջանի նախագահի՝ Սանկտ-Պետերբուրգից ժամանակից շուտ Բաքու վերադարձը խոսում է այն մասին, որ նա դժգոհ է բանակցային գործընթացից եւ նրա ակնկալիքները չեն արդարացել։ «Ադրբեջանում հույս ունեին, որ Ռուսաստանը կգնա Հայաստանի շահերից չբխող քայլերի։ Սակայն, ինչպես երեւում է, նման բան չի եղել»,- եզրակացրեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրենը։ Անդրադառնալով Ղարաբաղում կատարվածի առնչությամբ միջազգային հանրության հնարավոր արձագանքին՝ Մինասյանը համոզմունք հայտնեց, որ գնահատականներ կհնչեն ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ Ռուսաստանի կողմից։ «Իսկ ընդհանրապես, սանկտպետերբուրգյան եռակողմ հանդիպումը, կարելի է ասել, նահանջ էր Ադրբեջանի համար»,- ասաց քաղաքագետը՝ Ադրբեջանի ռազմական գործողությունը որակելով որպես այդ երկրում տիրող խուճապի եւ շտապողականության հետեւանք։ «Ադրբեջանն ամեն կարպ ջանում է արագացնել հակամարտության լուծման գործընթացը, քանի որ զգում է, որ ժամանակն աշխատում է ոչ իր օգտին»,- շեշտեց Մինասյանը։ Ամփոփելով՝ քաղաքագետը հավանական համարեց, որ ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունները, հնարավոր է, կրկնվեն ողջ տարվա ընթացքում։ Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Մարտակերտի Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք էր ներխուժել ադրբեջանական զինված հետախուզական խմբավորում: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել էր չորս զոհ եւ չորս վիրավոր: Թշնամին, թողնելով մեկ դիակ եւ զինամթերք, հետ էր քաշվել։

No comments: