Monday, June 21, 2010

ԻՍԿ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՉԵՆ ԶԱՆԳԵԼ

«Լրագիր» 21-6-2010- Երբ հունիսի 19-ին Սանկտ-Պետերբուրգից Սերժ Սարգսյանն արձագանքում էր հունիսի 18-ի գիշերը Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպին, նշեց, թե “գիշերն իրեն զանգահարել” եւ տեղեկացրել են կատարվածի մասին: Թե ով է զանգահարել Սերժ Սարգսյանին, չասվեց, բայց հետաքրքիր է, թե արդյոք որեւէ մեկը չի զանգահարել նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Բանն այն է, որ կատարվածից արդեն երեք օր է անցել, սակայն Բակո Սահակյանի արձագանք չկա: Մինչդեռ խոսքը գնում է Ադրբեջանի եւ ԼՂՀ սահմանին տեղի ունեցած դիվերսիայի մասին: Լավ է, որ դրանից հետո Բակո Սահակյանը մասնակցում էր Ղարաբաղում ռուսական եկեղեցու հիմնարկեքի արարողությանը: ԼՂՀ նախագահն այդպիսով պետք է հանգստություն ցուցաբերեր, որպեսզի բնակչության շրջանում էլ ավելորդ խուճապ չառաջանա: Բայց երբ կատարվածից հետո անցնում է գրեթե 3 օր եւ ԼՂՀ նախագահի պաշտոնական արձագանք չկա, դա արդեն ոչ թե հանգստության, այլ անտարբերության մասին է վկայում, կամ անտեղյակության: Խոսքը բուն կատարվածից անտեղյակության մասին չէ: Դա արդեն չափից դուրս կլիներ: Խոսքը քաղաքական պրոցեսներից անտեղյակության մասին է, երբ Բակո Սահակյանը կարծես թե չգիտե ինչ է պահանջվում իրենից` խոսել, թե չխոսել: Ըստ երեւույթին, այդ հարցի պատասխանը նաեւ պաշտոնական Երեւանը չունի, այլապես օրինակ երբ Սերժ Սարգսյանը Սանկտ-Պետերբուրգում Մեդվեդեւի հետ հանդիպումից հետո անդրադարձավ կատարվածին, կարող էր հիշատակել նաեւ ԼՂՀ իշխանությանը, ասելով, որ կատարվածի մասին ինքը “գիշերը տեղեկացել է” ԼՂՀ իշխանությունից, ասենք ԼՂՀ նախագահի հետ հեռախոսազրույց ունենալով: Ի վերջո, երբ խոսվում է, որ Հայաստանի նպատակը ԼՂՀ ճանաչմանը հասնելն է, պետք են նաեւ գործողություններ, թեկուզ քաղաքական հայտարարությունների տեսքով:

No comments: