Tuesday, June 22, 2010

Ընդդիմադիր գործիչ.«Իսկ ինչո՞ւ չպիտի թուրքանպաստ հայտարարություն անի թուրքալեզու Ղազախստանի արտգործնախարարը...»

News.am. 21-6-2010- Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան խնդրի կարգավորմանը հնարավոր եղավ այն ժամանակվանից, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնողական քաղաքականություն սկսեց՝ այս կերպ Թուրքիային դարձնելով տարածաշրջանային գործոն։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։ Նրա խոսքով, դեռ այն ժամանակ, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը եկավ Երեւան՝ ֆուտբոլ դիտելու, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը ուրախ կլինի, եթե Թուրքիան իր ազդեցությունը օգտագործի ԼՂՀ խնդրի լուծման հարցում։ «Այսինքն ՀՀ նախագահը դրա մասին բաց տեքստով հայտարարեց դեռ մեկ տարի առաջ։ Իսկ ինչո՞ւ չպիտի նման հայտարարություն անի թուրքալեզու Ղազախստանի արտգործնախարարը»,- նկատեց նա։ Նշենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար-պետքարտուղար Կանատ Սաուդաբաեւը հունիսի 21-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, թե Ղազախստանն ընդգծում է Թուրքիայի կարեւոր դերը ղարաբաղյան կարգավորման մեջ: «Մենք չէինք կարող շրջանցել Լեռնային Ղարաբաղի հարցը, քանի որ, որպես ԵԱՀԿ գործող նախագահ, լուրջ ջանքեր ենք գործադրում այսպես կոչված սառեցված հակամարտություններում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, եւ Թուրքիայի մասնակցությունը դրանց կարգավորման հարցում շատ կարեւոր է»,- նկատել է Սաուդաբաեւը:

No comments: