Monday, June 21, 2010

«Ձեզ դաժան օրեր են սպասվում, հայը դեռ տարածքներ ունի ազատագրելու». Ադրբեջանական սադրանքը քննադատել է «Երկրապահ»-ը

Panorama.am. 21-6-2010- Երկրապահ կամավորականների միությունը հունիսի 18-ին ադրբեջանական զինված հետախույզների հարձակման կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Վերջին շրջանում հաճախադեպ են դարձել հայ-ադրբեջանական շփման գծում սադրանքներ կազմակերպելու, Արցախի, Հայաստանի տարածք դիվերսիոն խմբեր անցկացնելու` Ադրբեջանի փորձերը: Լկտիության գագաթնակետը հունիսի 18-19-ի գիշերը Մարտակերտի Չայլուի հատվածում արձանագրված դեպքն է, որ տեղի ունեցավ ՌԴ նախագահի միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի նախագահների անցկացված հանդիպումից հաշված ժամեր անց և որին զոհ գնացին հայ սահմանապահներ: Փաստորեն ադրբեջանական կողմը բացահայտ արհամարհանք է դրսևորում թե՛ ՀՀ և Արցախի, թե՛ ՌԴ նախագահի և առհասարակ միջազգային հանրության, թե՛ իր իսկ ստանձնած պարտավորությունների նկատմամբ: Կատարվածն ուղղակի սպառնալիք է առանց այն էլ փխրուն խաղաղությանը: Ադրբեջանցիները մի հերթական անգամ ապացուցեցին, որ խաղաղությունն իրենց համար գրոշի արժեք չունի, ինչպես նաև գրոշի արժեք չունեն անմեղ մարդկային զոհերը: Արձանագրված փաստն առաջացրել է ողջ հայ ժողովրդի զայրույթը: Մենք ցավակցում ենք թշնամու դիվերսիային զոհ գնացած տղաների հարազատներին: ԵԿՄ-ն հայտարարում է, որ նմանօրինակ դեպքերը չպետք է անպատիժ մնան: ԵԿՄ-ն նվիրված է արյամբ ազատագրված տարածքների պաշտպանության գործին, միշտ կանգնած է լինելու հայ ժողովրդին, հայկական պետականությանը հուզող խնդիրների հայանպաստ կարգավորման դիրքերում: ԵԿՄ-ն բարձր է գնահատում խաղաղությունն իբրև արժեք, հիշեցնում, որ հանուն խաղաղության հայկական կողմն արդեն իսկ մեծագույն զիջումների է գնացել, իսկ ժամանակին մեզ պատերազմ պարտադրած թշնամուն խաղաղություն ենք պարտադրել: Կոչ ենք անում միջազգային հանրությանը` խստորեն դատապարտել ադրբեջանական հերթական սադրանքը. մի՛ ստիպեք, որ մենք հարկադրված լինենք ինքներս պատժել ոճրագործին: Դա չի բխում տարածաշրջանային կայունության շահերից, բայց այլընտրանք չունենալու պարագայում ՀՀ և Արցախի անկախությունն ու ազատությունը նվաճած երկրապահն ունակ է պահպանել ու պաշտպանել հայկական պետությունները, հայկական պետությունների քաղաքացիներին: Արցախի ժողովուրդն իր զավակների կյանքի և արյան գնով ու միջազգային հանրության կողմից ընդունված ինքնորոշման իրավունքի սկզբունքով Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմում վաստակել է իր անկախությունը, Սահմանադրությամբ ամրագրել է իր սահմանները, որոնք այլևս քննարկման առարկա չեն կարող լինել: Ադրբեջանական կողմին հորդորում ենք` հիշեք, թե ինչպես մեկ անգամ ոտնձգություն կատարեցիք հայկական տարածքների նկատմամբ ու ինչպես խստորեն պատժվեցիք: Հիշեք, թե ինչպես նենգաբար սկսեցիք Սումգայիթում, Բաքվում անմեղ հայ բնակչության սպանդով, ինչպես մեզ պատերազմ պարտադրեցիք և թե ինչպես անփառունակ այն ավարտեցիք: Հիշեք, թե ինչպես էիք հրադադար մուրում հայկական կողմից: Եվ եթե չլիներ հայկական քրիստոնեավարական մտածելակերպը, եթե մենք չգնահատեինք խաղաղությունն իբրև մեծագույն արժեք, ապա բազմապատիկ անգամ ավելի տարածքներ էինք ազատագրած լինելու: Եթե ընդունակ չեք հանուն համամարդկային արժեքների, հանուն խաղաղասեր ու ստեղծագործ ապագայի գործել, ապա գոնե հանուն ձեր իսկ պետության ու ժողովրդի կանգ առեք: Հակառակ պարագայում ձեզ դաժան օրեր են սպասվում: Հայը դեռ տարածքներ ունի ազատագրելու, դեռ ձեր վերահսկողության տակ է մեր հայրենիքի մի մեծ հատվածը, որին վերատիրանալու ձգտողների բանակը Հայաստանում ստվար է: Դա ձեզ ասում է Արցախի ազատագրման մասնակիցներին համախմբող կազմակերպությունը` այն տղաների, որոնց խոսքի հաստատուն լինելը ձեր մաշկի վրա եք զգացել: Ուրեմն` տա՛ Աստված (որ մեկն է բոլոր ժողովուրդների համար) բոլորիս իմաստություն և ողջախոհություն, զերծ մնանք հետագայում ուժային մեթոդների դիմելու գայթակղությունից: Այլապես, եթե դարձյալ անմտության հետևանքներն զգալուց հետո միայն ուշքի գաք, ապա չափազանց ուշ է լինելու»:

No comments: