Tuesday, June 22, 2010

Քաղաքագետը պարզաբանում է արտգործնախարարի խոսքը

Tert.am. 21-6-2010- «Այն, ինչի մասին վերջին տարվա ընթացքում խոսում էր ադրբեջանական կողմը՝ այսպես կոչված, գոյություն չունեցող Մադրիդյան նորացված սկզբունքները, պարզ է, որ այդ փաստաթուղթը այլևս չի լինի, և դրա շուրջ բանակցություններ նույնպես չեն լինի»,–ասաց Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը՝ Tert.am–ի խնդրանքով մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարար Եդվարդ Նալբանդյանի՝ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջերս արած հայտարարությունը։ Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Նալբանդյանը, մասնավորապես, ասել էր, որ «նախորդ շրջանում, իհարկե, կար Մադրիդյան փաստաթուղթը, որը միակ պաշտոնական փաստաթուղթն էր. մինչև հիմա բանակցությունները շարունակվում էին դրա հիման վրա»։ Ինչ վերաբերում է նրան, որ նախարարը գործածել է «կար» բառը, դա, ըստ քաղաքագետի, նշանակում է, որ եթե բանակցությունները շարունակվեն, ապա միայն դասական Մադրիդյան սկզբունքների հիման վրա, որոնք առաջ են քաշվել դեռ 2007թ.։ Ըստ նրա՝ դասական Մադրիդյան սկզբունքների տրամաբանությունը ենթադրում է հետևյալը. Մադրիդյան սկզբունքների պայման է հանդիսանում կամքի ազատ դրսևորման ճանապարհով Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանից առանձնանալու փաստի լեգիտիմացումը։ «Բացի այդ, դրան իր համաձայնությունը պետք է տա ադրբեջանական կողմը»,– ասաց քաղաքագետը և ավելացրեց, որ գործընթացի ժամանակ հնարավոր է նաև ռազմական հակամարտության հետևանքների վերացում։

No comments: