Tuesday, June 22, 2010

ՆՈՒՅՆԻՍԿ ՀՐԵԱՆԵՐՆ ԵՆ ԱՆԱԿՆԿԱԼԻ ԵԿԵԼ ԹՈՒՐՔԻ ԷՈՒԹՅՈՒՆԻՑ

«ԱԶԳ» , 22-06-2010- «Ազատության նավատորմիղի» հետ կապված սկանդալային իրադարձությունները ռուսաստանյան լրատվամիջոցներում երկակի արձագանք գտան: Եթե ռուս ազգայնական մամուլը միջադեպը գնահատեց որպես հրեաների հերթական «համաշխարհային» լկտիություն, ապա, մյուս կողմից, լիբերալ մամուլը որակեց իբրեւ բացահայտ թուրքական պրովոկացիա: Հատկապես ընդգծվում էր, որ մերձավորարեւելյան արդեն վեց տասնամյակ շարունակվող կոնֆլիկտի ընթացքում միջադեպեր շատ են եղել, երբ զոհվել են անհամեմատ ավելի մեծ թվով մարդիկ, սակայն այս վերջին պատմության մեջ հառնում է միանգամայն նոր գործոնՙ Թուրքիայի ագրեսիվ ու ռազմատենչ ներկայությունը: Իսրայելցիները միշտ էլ (մինչ այդ եղել է ինը մարդասիրական բեռնափոխադրում) շրջափակել են նավերը եւ դրանք ուղղել Աշդոտ նավահանգիստ, որտեղից էլ, զինազննություն անցկացնելուց հետո, թույլատրել են բեռները Գազա հասցնել ցամաքով: Ըստ իսրայելական աղբյուրների, «մարդասերների» առջեւ խնդիր է դրված եղել չկիրառել հրազեն, այլ մեխանիկական միջոցներով հասցնել մահացու հարվածներ, ինչը չէր կարող անպատասխան մնալ հրեա ծովային պարեկների կողմից: Արդյունքն ակներեւ էՙ Իսրայելի «անմարդկային» գործողությունները դատապարտեցին մուսուլմանական աշխարհը, Եվրոմիությունը, Չինաստանը, Ռուսաստանը: Նույնիսկ Իսրայելի ավանդական (հրեաների կողմից հարկադրված) դաշնակից ԱՄՆ-ը եւս «դիտողություն» արեց իր սանիկին: Չզբաղվենք մեղավորի փնտրումներով: Ավելի լավ է ուշադրության առնենք, թե ինչպես է Ռուսաստանը նայում Թուրքիայի հավակնոտ կեցվածքին, թուրք-իսրայելական անհարիրություններին: Այստեղ էլ ենք տեսնում, որ Թուրքիան անթաքույց ձգտում էր մուսուլմանական աշխարհի լիդերի դերին Մերձավոր Արեւելքում, Կովկասում, Միջին Ասիայում, Բալկաններում: Սակայն այստեղ բացառում են, թե թուրքը կարող է գերիշխող տարր դառնալ, այսպես ասած, արաբալեզու եւ պարսկալեզու ժողովուրդների շրջանում: Նույնիսկ Միջին Ասիայի թուրքալեզու երկրները կրիտիկական պահերին գերադասում են դիմել աշխարհի առավել հզոր երկրներին: Ռուսական մամուլը ինչ-որ տեղ սարկազմով ընդունեց «հնամյա» թուրքական հողում մարտնչող մուսուլման ղրղզների եւ ուզբեկներիՙ Մոսկվային ուղղված օգնության խնդրանքը: Պաղեստինցի արաբներին կարող են դուր գալ Էրդողանի հակաիսրայելական նկրտումները, «մարդասիրական» գործողությունները, բայց նրանց համար էլ Անկարան երբեք չի փոխարինի Մոսկվային: Դրա հետ մեկտեղ ռուսները, աննախադեպ զարգացնելով տնտեսական հարաբերությունները Թուրքիայի հետ եւ նրան դարձնելով իրենց կարեւորագույն էներգետիկ գործընկերներից մեկը, փաստորեն խրախուսում են վերջինիս արտաքին քաղաքական վերակողմնորոշման կուրսը: Ինչու չէ, եթե Թուրքիան հուսախաբություն է ապրում թուրք-ամերիկյան-իսրայելական համագործակցությունից: Երբ Եվրոպան նրա առաջ չի բացում իր դռները: Կամ ինչո՞ւ խլրտում չմտցնել ՆԱՏՕ-ի հարավային թեւումՙ պարբերաբար լիցք հաղորդելով Թուրքիայում ուժեղացող հակաարեւմտյան տրամադրություններին: Անկարայի թեւի տակ դրվող «հակաարեւմտյան» բարձը կարող է դանդաղ գործող ական դառնալ նրա համար: Ռուսաստանյան մամուլի եւս մի դիտարկում-վարկած, որի իրագործումը արմատապես կշոշափի նաեւ Հայաստանի շահերը: Եթե Թուրքիան, շարունակելով ընդառաջ գնալ Իսրայելի նկատմամբ համաիսլամական ատելությանը, ուժեղացնի ճնշումը Իսրայելի վրա, ապա հնարավոր է, որ վերջինս հարված հասցնի... Իրանին: Իսլամական առաջատար երկրների սպառնալիքներին դեմ հանդիման հրեական պետությունը կկանգնի երկընտրանքի առջեւՙ հանձնվել կամ նախահարձակվել: Թուրքիան չունի միջուկային զենք, իսկ ահա Իրանը մոտ է դրա ստեղծմանը (եթե չի ստեղծել): Եվ հետո, եթե ռուսները, այնուամենայնիվ, Իրանին մատակարարեն 3PC-300 հակահրթիռային համակարգը ու այն տեղակայեն այդ երկրում, ապա Իսրայելի համար, որը չունի թեւավոր հրթիռներ, Իրանին օդային հարվածներ հասցնելը շատ բարդ խնդիր կդառնա. հարկ կլինի գործի դնել գրեթե ողջ ռազմաօդային ուժերը, ինչը հղի է մեծ կորուստներովՙ հիվանդագին մի հարց հրեաների համար: Եվ վերջապեսՙ բուն հրեաների մասին: Լինելով աշխարհի, թերեւս, ամենաբարդ ցեղը, նրանք, ըստ երեւույթին, անակնկալի են եկել թուրքի էությունից, թեեւ Թուրքիայում նրանք ունեցել են ամուր դիրքեր (հիշենք մեր ցեղասպանությունը) եւ շարունակում են ունենալ: Ահա եւ ռուսական թերթերից մեկը, քննարկելով թեման, մեջբերել էր ֆրանսիական «Le Monde»-ի հակաթուրքական մի հետեւություն. «Ամերիկյան հասարակական կարծիքում երեւան է գալիս լուրջ մի հակառակորդ, որը ձեւավորվում է հրեական եւ հայ համայնքների միաձուլումից: Էրդողանի ճիչերը ուժեղացնում են այդ միտումը հրեական կազմակերպություններում, որոնց ավելի մոտ են հայ գործընկերները»: ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

No comments: