Thursday, June 10, 2010

Հ. Սահակյան. «Ալիևն ինքն իրեն հակասում է»

Panorama.am. 9-6-2010- «Արցախը միջազգային իրավունքի նորմերի հիման վրա է ինքնորոշվել և իր երկրում ժողովրդավարական բոլոր չափանիշներին համապատասխան ընտրություններ է կազմակերպում, ավելի լավ է Ալիևն ինքը հարգի միջազգային իրավունքի նորմերը և համակերպվի ԼՂՀի-ի՝ օրինական ճանապարհով ինքնորոշման իրավունքի իրացման հետ»,- անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թուրքիայում հնչեցրած այն հայտարարությանը, թե միջազգային իրավունքի նորմերը ստեղծված են, որպեսզի այն բոլոր պետություններն էլ ի կատար ածեն՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը: Նա հույս հայտնեց, որ գոնե այս անգամ, Ադրբեջանի նախագահն իր խոսքի տերը կլինի և կհարգի այլ պետությունների՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա կայացած որոշումը և կճանաչի Արցախի անկախությունը: Նշենք, ոչ իր ելույթում, Իլհամ Ալիևն անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը նշել էր, թե ԼՂ լուծումը պետք է հիմնված լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա, և որ Ադրբեջանը պատրաստ է ԼՂ-ին, Ադրբեջանի կազմում բարձր կարգավիճակ տալ: Այս հայտարարության առնչությամբ՝ Հ. Սահակյանը նշեց. «Դա բավականին մառազմատիկ հայտարարություն է Ադրբեջանի նախագահի կողմից, քանի որ եթե նա խոսում է միջազգային իրավունքների ի կատար ածման մասին, սակայն մոռացության է տալիս ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ապա մեղմ ասած վերջինս ինքն իրեն հակասում է»: Նրա խոսքերով, հենց այստեղ է, որ մեկ անգամ ևս Ալիևին պետք է հիշեցնել, որ ԼՂ-ն ինքն է որոշում սեփական ճակատագիրը, և Ադրբեջանը պետք է որ հասկացած լիներ, թե այնպես, ինչպես ինքը վարվեց Արցախում 1980-ական թվականների վերջին և 90-ականների սկզբին, ուղղակի անթույլատրելի և դատապարտելի մոտեցում է: «Արդյո՞ք նրանք մոռացել են այն ջարդերը, որոնք տեղի ունեցած Ղարաբաղի և Ադրբեջանի մի շարք քաղաքներում՝ Բաքվում, Սումգայիթում և այլուր: Բոլորն էլ գիտեն, թե ինչպես Նախիջանին ինքնավարություն տրվեց Ադրբեջանի կազմում, և ինչպիսի քաղաքականություն իրականացվեց այնտեղ ապրող հայերի և առհասարական այն ամենի նկատմամբ, ինչը հայ ազգին էր հիշեցնում: Իսկ այնտեղ այլևս հայեր չեն ապրում»,- նշեց Հ. Սահակյանը: Այնուհետև խորհրդարանականը հավելեց. «Վերջապես, Ալիևը չպետք է մոռանա 2009 թվականի դեկտեմբերի 1-2-ը Աթենքում կայացած ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների կոմիտեի նիստի ընթացքում՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների ընդունած հայտարարությունը, որում հստակ ամրագրված են ինքնորոշման, տարածքային ամբողջականության, և ուժի չկիրառման սկզբունքները»:

No comments: