Thursday, June 10, 2010

ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴՐՈՇ ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՎԷ ՉԵՆ ՀԱՆԴՈՒՐԺԻ

Ըստ Էդվարդ Նալբանդյանի «ԱԶԳ, 10-06-2010- Երեկ խորհրդարանում ամենապահանջարկված կառավարության անդամը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էր, որին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավորները տվեցին արտաքին ոլորտում կուտակված հարցերը: «ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանի հարցը վերաբերում էր նրան, թե Ադրբեջանը երեկ ընդունել է իր ռազմական դոկտրինի փոփոխությունները, այդ թվում ամրագրել օտարերկրյա ռազմական բազաների տեղակայումը սեփական երկրում, եւ որ «հայկական օկուպացիան» այդ երկրի դոկտրինով «վտանգներից» մեկն է համարվում, չբացառելով նաեւ բանակցությունների այլընտրանք-ռազմական ճանապարհով լուծումը: Պատգամավորը հետաքրրվեց, թե չե՞ն պատրաստվում Հայաստանի ԱԳՆ-ն կամ Բրյուսելում գտնվող պաշտպանության նախարարը առարկություններով հանդես գալ, քանի որ ՆԱՏՕ-ն Ադրբեջանի հետ գործընկերության ծրագիր է ստորագրել, որի շրջանակում այդպիսի դոկտրինն անընդունելի է: Ըստ Նալբանդյանի` այդ փոփոխությունները հենց Ադրբեջանի սահմանադրությանն են հակասում, որտեղ կա պատերազմը, ռազմական գործողությունների միջոցով հարցերի լուծումը բացառող հատուկ հոդված, եւ չգիտես ինչպես են ընդունել մի դոկտրին, որ իրենց սահմանադրությանը հակասում է: Ռազմաբազաների հետ կապված էլ (որ վտանգ են Հայաստանին-Մ.Խ.) ասաց. «Մենք «եթե»-ներով չենք կարող առաջնորդվել, եթե կոնկրետ զարգացումներ լինեն` համապատասխան քայլեր կձեռնարկենք, հայտարարություններ կանենք, եւ համապատասխան հետեանքներ կլինեն մեր կողմից դրսեւորումներում, բայց ամեն երկիր ինքը պետք է որոշի` ի՞նչ ռազմաբազաներ է ուզում ունենանալ»: Շիրակ Թորոսյանը հետաքրքրվեց` թուրք-իսրայելական հարաբերություններն կանդրադառնա՞ն Հայաստանի եւ Ղարաբաղյան հակամարտության վրա: Է. Նալբանդյանը նախ նկատեց, որ աշխարհի բոլոր իրադարձություններն անդրադարձեր են ունենում իրենց մոտակա տարածաշրջաններում, Հայաստանն էլ դեմ է ուժի կիրառմանն ու շրջափակմանը, բայց նաեւ ավելացրեց. «Որոշ երկրներ, որ այս պարագայում եւ սրությամբ դեմ են ուժի կիրառմանն ու շրջափակմանը, այլ պարագաներում լռում են երկար տարիներ: Այստեղ ոչ միայն երկակի ստանդարտի մասին է խոսքը: Գիտեք` քննարկումներ եղան Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության պառլամենտական ասամբլեայի ժամանակ, որտեղ ներկա էր մեր պատվիրակությունը. բանաձեւ էր քննարկվում` քննադատել կոնկրետ այդ շրջափակումը եւ ուժի քննարկումը: Իհարկե, քննադատենք, բայց պետք է քննադատել նաեւ ընդհանրապես շրջափակումներն ու ուժի կիրառման օգտագործումը կամ ուժի սպառնալիքի կիրառումը որեւէ այլ պարագայում»: Պատասխանելով Հովհաննես Սահակյանի ` Ադրբեջանի այն հայտարարությունների հարցին, թե Հայաստանը դեռեւս պատասխան չի տվել` ընդունո՞ւմ է մադրիդյան սկզբունքները, թե՞ ոչ, Է. Նալբանդյանը պարզաբանեց. «Մենք դեռ երկու տարի առաջ ենք հայտարարել, որ Հայաստանն ընդունում է մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք: Երկու տարի անց Ադրբեջանը փորձում է ձեւացնել, թե ինչ-որ բան է ընդունել` ի՞նչ է ընդունել Ադրբեջանը. ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առանցքային հարցը Ղարաբաղի կարգավիճակի լուծման հարցն է, ինչի մասին, այո, ասում են Աքվիլայից անմիջապես հետո հրապարակված մադրիդյան փաստաթղթի սկզբունքները , որ Ղարաբաղի կարգավիճակը պետք է լուծվի Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ արտահայտման հիման վրա, եւ որը պետք է ունենա միջազգային իրավական պարտադիր ուժ: Իսկ Ադրբեջանի այն պնդումները, որ իրենք պատրաստ են Ղարաբաղին բարձր մակարդակի ինքնավարություն տալ Ադրբեջանի կազմում, փորձեր են` կանխորոշելու այդ կամարտահայտության արդյունքները եւ իրականում փաստացի դեմ են ինքնորոշման սկզբունքի կիրառմանը: Երկրորդ` ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը եւս մերժվում է Ադրբեջանի կողմից», ասաց արտգործնախարարը` Ադրբեջանի մերժումների մեջ նշելով հրադադարի պահպանման պահանջները, եւ այն, որ այդ երկրի ղեկավարներն իրենց ռազմատենչ հայտարարություններով ու պատերազմի սպառնալիքներով բանակցութունները տապալելու փորձ են անում: Ըստ նախարարի` միակ սկզբունքը, որից կառչում է Ադրբեջանը, տարածքային ամբողջականության սկզբունքն է, այն էլ սեփական մեկնաբանությամբ. բանը հասնում է նրան, որ անգամ խոսում են Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշը բարձրացնելու վերաբերյալ. «Չնայած բոլորին ակնհայտ է, որ Ղարաբաղի ժողովուրդը երբեւէ այլեւս չի հանդուրժի, որ Ղարաբաղում ադրբեջանական դրոշ պարտադրեն»: Իսկ այդ փորձերի մեջ Ադրբեջանն, ըստ նախարարի, պարզունակ կեղծիքների է գնում (ՄԱԿ-ի նամակի հետ կապված դեպքը մատնանշվեց), իսկ գեբելսյան պրոպագանդի ոճով գործելը կամ նույն սուտը կրկնելու փորձերը, միջազգային հանրությանը խաբելը ոչինչ չեն տվել Ադրբեջանին` «իրենք իրենց ժողովրդին, միգուցե նաեւ իրենց, գցել են մոլորության մեջ»: Պատասխանելով Ռաֆիկ Գրիգորյանի ` Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարած այցի վերաբերյալ հարցին` Է. Նալբանդյանը համառոտեց. «Որեւէ մտահոգություն ես չեմ տեսնում թե՛ Ղարաբաղի հարցով, թե՛ հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական եւ դաշնակցային հարաբերությունների մասով»: ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

No comments: