Sunday, June 20, 2010

ԼՂՀ իրավապաշտպան. Ալիեւը փորձել է խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ցույց տալ իր իշխանությունը Արցախի նկատմամբ

News.am. 19-6-2010- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խորհրդարանական ընտրությունների նախօրյակին ցանկացավ ցույց տալ իր ժողովրդին, որ պատրաստ է ամեն գնով, այդ թվում նաեւ պատերազմով, հաստատել իր իշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով երեկ ադրբեջանական զինված հետախուզական խմբավորման ներխուժումը ԼՂՀ, ասաց «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի Լեռնային Ղարաբաղի համակարգող Կարեն Օհանջանյանը: «Ռազմական այս գործողությունը ես չեմ կապում Սանկտ-Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող եռակողմ բանակցությունների հետ»,-ասաց Օհանջանյանը՝ հավելելով, որ միջազգային միջակառավարական ինստիտուտների ճնշմամբ, այնուամենայնիվ, Ադրբեջանը ստիպված է լինելու շարունակել իր մասնակցությունը հակամարտության կարգավորման գործընթացին: Օհանջանյանը չբացառեց, որ նմանատիպ գործողություններով Ադրբեջանի իշխանությունները փորձում են ճնշել Հայաստանի ղեկավարությանը, որը վերջին շրջանում նախանձելի հետեւողականություն է ցուցաբերում Արցախի շահերը բանակցային գործընթացում պաշտպանելու հարցում: «Նրանք ուզում են, որ Հայաստանն ավելի զիջող լինի այսպես կոչված «գրավյալ տարածքների» վերադարձման հարցում»,-ասաց իրավապաշտպանը: Նա նշեց, որ Ադրբեջանի այս քայլը նպատակ ունի նաեւ ազդել միջնորդների վրա, ովքեր վախենում են Հարավային Կովկասում անկայուն վիճակի ստեղծումից, քանի որ տարածաշրջանը մեծ դեր ունի միջազգային հանրության համար ինչպես ահաբեկչության դեմ պայքարի, այնպես էլ Կասպից ծովից դեպի Արեւմուտք էներգառեսուրսների այլընտրանքային մատակարարման գործում: Նշենք, որ հունիսի 18-ին, ժամը 23:30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինված հետախուզական խմբավորում եւ տեղի է ունեցել դիմահար մերձամարտ: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել է չորս զոհ, չորս վիրավոր, իսկ ադրբեջանական կողմը թողել է մեկ դիակ:

No comments: