Saturday, June 19, 2010

Գիշերվա քողի տակ ուխտադրուժ հարձակվելը բնորոշ է Ադրբեջանին. ԱԳՆ

Tert.am. 19-6-2010- Ակնհայտ է, որ դա նախապես մտածված և ծրագրված գործողություն է: Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս Բաքվի իրական դեմքը, որն ամեն ինչ անում է բանակցային գործընթացը ձախողելու համար: Այս մասին «Ռեգնում» գործակալությանն ասել է ՀՀ արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը այն մասին, որ անցած գիշեր Մարտակերտի ուղղությամբ ադրբեջանական կողմից դիվերսիոն հարձակման փորձի վերաբերյալ: «Բարձր մակարդակով յուրաքանչյուր հանդիպումից առաջ, Բաքուն փորձում էր սադրիչ հայտարարությունների, պատերազմի սպառնալիքների միջոցով տապալել բանակցությունները: Ամենայն հավանականությամբ, տեսնելով, որ դա իրենց չի հաջողվում` ադրբեջանցիներն այս անգամ, հունիսի 17-ի եռակողմ բարձր մակարդակի հանդիպումից անմիջապես հետո գնացին ավելի հեռու` ակնհայտ սադրանքի: Կարելի է ասել, որ դեռևս չհասցնելով դուրս գալ բանակցությունների սրահից, ադրբեջանական ղեկավարությունը հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում կազմակերպել է դիվերսիոն գործողություն: Գիշերվա քողի տակ ուխտադրուժ հարձակվելը բնորոշ է Ադրբեջանին: Դա առաջին անգամ չի արվում»,– ասել է նա։ Հիշեցնենք, որ դիվերսիոն ոտնձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Արցախի զինված ուժերը հետ են մղել այդ հարձակումը: Հայկական կողմում, ըստ պաշտոնական տեղեկության, կա չորս, ադրբեջանական կողմում՝ մեկ զոհ։

No comments: