Saturday, June 19, 2010

ԼՂ այցելած DER STANDARD -ի լրագրողին արգելել են մտնել Ադրբեջան. «Տարօրինակ սկիզբ է երկկողմ հարաբերությունների նոր փուլի համար»

Panorama.am. 19-6-2010- Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ադրբեջանը հերթական անգամ հայտնվել է դիվանագիտական սկանդալի շեմին: Ավստրիայի ԱԳ նախարար Միխայել Շպինդելեգգերի գլխավորած 50 հոգանոց պատվիրակության կազմում նախատեսվում էր նաև «DER STANDARD» թերթի լրագրող Մարկուս Բերնաթի այցելությունը Ադրբեջան: Սակայն Ադրբեջանի իշխանությունները արգելել են վերջինիս ժամանել այդ երկիր` սոսկ այն հանգամանքից ելնելով, որ լրագրողն այցելել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Հայաստանյան մի շարք լրատվամիջոցների անունից panorama.am-ը մի քանի հարցով դիմել է Մարկուս Բերնաթին, ով սիրահոժար պատասխանել է այդ հարցերին: - Ներկայացրեք, խնդրեմ, թե ինչ է կատարվել ավստրիական պատվիրակության կազմում Ձեր` Ադրբեջան մեկնելու կապակցությամբ: -Ավստրիայի արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարներ Միխայել Շպինդելեգգերի և Ռեյնհոլդ Միտտերլեհների այցը Բաքու նախատեված է հաջորդ երեքշաբթի: Դրա հաջորդ օրը` հունիսի 23-ին, նրանք մասնակցելու են Ադրբեջանում Ավստրիայի դեսպանատան բացման արարողությանը: Այնուհետև պարոն Շպինդելեգգերը կայցելի նաև Թբիլիսի և Երևան: Նախատեսվում էր, որ ես նույնպես պետք է մեկնեի պատվիրակության հետ` որպես «DER STANDARD» թերթի լրագրող, քանի որ արդեն մի քանի տարի է, ինչ ես եմ լուսաբանում Կովկասյան տարածաշրջանը: Սակայն, երբ Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը հավաքեց պատվիրակության բոլոր մասնակիցների անձնագրերը և վիզաներ ստանալու համար դրանք փոխանցեց Վիեննայում Ադրբեջանի դեսպանատուն, նախարարությանը հայտնեցին, որ պատվիրակության անդամներից մեկին ուղևորության իրավունք տալ չեն կարող. այդ մեկը ես էի: -Իսկ ինչպես է պատճառաբանվել մերժումը և ում կողմից է դա եղել: Ձեր կարծիքով, ինչին է միտված Ադրբեջանի պետական մակարդակով այս ոչ նորմալ վարքագիծը: -Մեր թերթին հայտնեցին, որ Բաքվում Ավստրիայի նորանշանակ դեսպանը, ինչպես նաև Վիեննայի ԱԳՆ-ն միջամտել են և այս հարցով դիմել Ադրբեջանի իշխանություններին: Սակայն ոչինչ անել չի հաջողվել. նրանց հայտնել են, որ ես իբր «խախտել եմ» Ադրբեջանի օրենքը և «անօրինականորեն մտել եմ Ադրբեջանի տարածք»: Սա, իհարկե, տարօրինակ սկիզբ է Ավստրիայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների նոր փուլի համար, այն էլ` դեսպանատան բացումից ընդամենը մի քանի օր առաջ: Մեր թերթի դիրքորոշումը պարզ է. նախ, մենք թույլ չենք տալիս որևէ մեկին` ինքնակամորեն ընտրել լրագրողներին` ոչ Ավստրիայի ներսում և, անշուշտ, ոչ էլ արտասահմանում լրագրողական գործունեություն ծավալելու համար: Երկրորդ, մենք փորձում ենք հավասարակշռված և ամբողջական տեղեկատվություն ապահովել: Կովկասյան տարածաշրջանում բարդ քաղաքական իրավիճակներ լուսաբանելիս ես, բնականաբար, պետք է այցելեմ նաև Ղարաբաղ և խոսեմ այնտեղի ժողովրդի հետ ևս, ինչը զարմանալիորեն Ադրբեջանը որակում է որպես «անօրինական մուտք» իր տարածք: Ինքս Ադրբեջանի արգելքը այն լրագրողներին, ովքեր այցելել են Ղարաբաղ, ընկալում եմ հետևյալ կերպ. սա փորձ է տեղեկացնել Ղարաբաղի խնդրի մասին Ադրբեջանի տեսանկյունից: Սակայն լրագրողները ներկայացնում են զանգվածային լրատվամիջոց, այլ ոչ որևէ կառավարություն, մենք ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չենք, մենք որևէ քաղաքական հռչակագիր չենք կազմում, միջազգային օրենքի վերաբերյալ կարծիքներ չենք հրապարակում, որոնք մեծ նշանակություն կունենան, և ես էլ դժվար թե արմատական փոփոխություններ կարողանամ մտցնել տեղական կառավարման մեջ` միայն հոդված գրելով: -Դուք ե՞րբ եք եղել ԼՂՀ-ում և ինչ առաքելությամբ: -Ես շատ կարճ ժամանակով եմ եղել այնտեղ` 2006թ-ի հոկտեմբերին: Ինձ համար փաստացի ամենակարևորը Ղարաբաղի աշխարհագրությունն ու միջավայրը տեսնելն էր: Դուք շատ լավ եք հասկանում, թե որոնք են այն խնդիրները, որոնց շուրջ տարվում են Ղարաբաղի հակամարտության հնարավոր կարգավորման բանակցությունները, օրինակ` Լաչինի միջանցքը: Սա մի բան է, որը չես կարող իմանալ միայն Google-ում քարտեզը նայելով կամ ընթերցելով Ղարաբաղի մասին անգլերեն գրքերից մեկը: -Ձեր լրագրողական գործունեության ընթացքում երբևէ առնչվել եք նման «սև ցուցակների» և այս կամ այն երկիր այցելության արգելքների: -Այո` Հյուսիսային Կորեայում, Իրանում, Մյանմարում և Իրաքում` Սադդամ Հուսեյնի կառավարման ժամանակ: Երբեմն կարող են ասել` «Մի անհանգստացեք` դիմելու վիզայի համար», երբեմն էլ դու հենց երկրում իմանում ես, որ դա վերջին այցդ էր:

No comments: