Saturday, June 19, 2010

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ “ՏԱԲԵԼԸ”

«Լրագիր» 19-6-2010- Իշխանական քարոզչամեքենան, Հայաստանի ազատ եւ պատասխանատու հեռուստաընկերությունները, հանրությանը մեծ աղմուկով ներկայացնում են Սերժ Սարգսյանի շռնդալից այցը Սանկտ-Պետերբուրգ, նրա մասնակցությունը այնտեղ մեկնարկած ամենամյա միջազգային տնտեսական համաժողովին, Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի ձեւավորման 300-ամյակին նվիրված միջոցառումների մասնակցության նրա պլանները: Մի խոսքով, ինչպես Սերժ Սարգսյանի ցանկացած այց, այս մեկն էլ ներկայացվում է պատմական կոնտեքստում: Բայց երբ փորձում ենք հանգամանքները դիտարկել համամարդկային կամ թեկուզ համահայկական պատմական այդ կոնտեքստից դուրս, ապա այցերն այդքան էլ շռնդալից չեն թվում: Օրինակ, Սանկտ-Պետերբուրգի համաշխարհային տնտեսական համաժողովում ելույթ է ունենում ՌԴ նախագահ Մեդվեդեւը: Դահլիճում նստած են տարբեր կարգի պաշտոնյաներ Ռուսաստանից եւ արտերկրից, փորձագետներ, գիտնականներ, բիզնեսմեններ: Եվ նրանց շարքում նստած է Հայաստանի հանրապետության նախագահն ու լսում է Մեդվեդեւին: Չկա որեւէ այլ երկրի նախագահ: Եվ Հայաստանի իշխանական քարոզչամեքենան բնականաբար դա ներկայացնում է որպես Սերժ Սարգսյանի բարձր ճանաչման վկայություն, մինչդեռ ինչ բարձր ճանաչման մասին է խոսքը, երբ նրան նստեցրել են նախարարների ու փորձագետների հետ նույն շարքում, երբ նրա հարեւանը Ռուսաստանի էկոնոմիկայի նախարար Նաբիբուլինան է: Այդօրինակ ընկերակցությունը, եթե խոսքը պաշտոնական միջոցառման մասին է, որտեղ պաշտոնական արարողակարգ է գործում, Հայաստանի նախագահին հավասարեցնում է ինչ որ նախարարների ու փորձագետների հետ: Բայց, Հայաստանի այսպես ասած նոր իշխանության համար կարծես թե այդ ամենն էական նշանակություն չունի, եւ կարեւորը զուտ ֆորմալ, այսպես ասած “տաբելային” կողմն է, որպեսզի արձանագրվի եւս մի հերթական արտասահմանյան այց, եւս մի հերթական արտասահմանյան հրավեր, որ հետո այդ “տաբելը” մատուցվի հայ հասարակությանն այն ենթատեքստով, թե “տեսեք, համաշխարհային ինչ պահանջարկ ու հարգանք վայելող իշխանություն ունեք, բարոյական ինչ իրավունքով եք պահանջներ ներկայացնում եւ դժգոհում այդպիսի իշխանությունից”: Դա ինչ որ առումով բնական պահվածք է: Եթե իշխանությունը երկրի ներսում իր արած գործով չունի քաղաքացիների մոտ դրական ազդեցություն գործելու ռեսուրս, ցանկություն կամ ունակություն, ապա մնում են տպավորություն գործելու այդ “տաբելային” մարտավարությունը: Թերեւս շատերը կհիշեն, թե Խորհրդային Միության ժամանակաշրջանում ինչպես էր հանրության մի զգալի մասն առավոտյան ժամանակին շտապում աշխատանքի, որպեսզի հասցնի “տաբելը” ստորագրել: Որեւէ մեկին չէր ձգում աշխատանքը, աշխատավարձը, այդ աշխատանքի միջոցով արդյունք ստեղծելու եւ հաճույք ստանալու հեռանկարը, գրեթե բոլորը գնում էին սուրճ խմելու կամ ընդմիջմանը խանութներ վազելու նպատակադրությամբ, բայց “տաբելը” պետք է ստորագրեին ժամանակին: Ինչ են տալիս Սերժ Սարգսյանի “տաբելային” այցերը, ինչ են փոխում դրանք Հայաստանի ներքին կյանքում, որքանով են ավելացնում քաղաքացիների իրավական եւ սոցիալական պաշտպանվածությունը, պաշտոնյաների իրավագիտակցությունը, նրանց, նրանց հարազատների, ծանոթների, ընկերների օրինապաշտությունը, դատարանների անկախությունը, տնտեսության ազատականությունը: “Տաբելները” ստորագրվում են նախանձելի հաճախականությամբ, իսկ փոփոխությունները կանգ են առել վտանգավոր համառությամբ: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: