Saturday, June 19, 2010

Դոկտրինով զարկենք դոկտրինին

Panorama.am. 19-6-2010- Օրերս Ադրբեջանի խորհրդարանը սկսեց քննարկել ռազմական դոկտրինն ու նաև պետական բյուջեում հավելյալ գումարներ ներառելու հարցը, իսկ այդ գումարների գերակշիռ մասն ուղղվելու է պաշտպանության ոլորտին: Բայց եթե բյուջեի հետ կապված ու առավել ևս պաշտպանության ոլորտի մասին ընթացող քննարկումներն ու գործողություններն առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը գործի է դնում, ապա ռազմական դոկտրինը մտորումների տեղիք է տալիս. «Ավելի շատ կարևոր է, թե ինչո՞ւ դոկտրինն ընդունվեց, այլ ոչ թե բյուջեի հետ կապված հարցերը»,- անդրադառնալով Panorama.am-ի հարցին տեսակետ հայտնեց ՀՔԴՄ առաջնորդ Խոսրով Հարությունյանը: Ի վերջո, կարևոր է ոչ միայն դոկտրինի առկայության հանգամանքը, այլ այն, թե ինչպե՞ս է Հայաստանը ներկայացվել դրանում. «Ըստ էության, Հայաստանը, եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի հայտարարվում է որպես թշնամի պետություն, իսկ սա շատ լուրջ հանգամանք է, քանի որ Ադրբեջանն ի լուր աշխարհի հայտարարեց իր համար ոչ նպաստավոր ու ոչ բարյացկամ հարևանի մասին: Եվ դա արվում է դոկտրինալ մակարդակի վրա, որը էապես տարբերվում է տարբեր մակարդակի պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններից: Եթե դա դառնում է դոկտրին, այսինքն` երկարաժամկետ քաղաքականության հայեցակարգ, սա լրիվ այլ բան է նշանակում»,- ավելացրեց Խ. Հարությունյանը: Հարց է ծագում` այդ դեպքում ո՞ւր մնացին Մադրիդյան սկզբունքները, ո՞ւր մնաց ԵԱՀԿ-ն և Եվրոպայում սպառազինության վերաբերյալ հաստատված քվոտաները ու, մանավանդ, միջազգային այն բոլոր կառույցները, որոնք պարտավոր են հետևել այդ քվոտաների պահպանմանը: Էլ չենք ասում, թե ո՞ւր մնաց ԱՄՆ-ն, որը պետք է ականջալուր լիներ և ամենախիստ ձևով արձագանքեր նման երևույթներին. «Այս շարքն, անշուշտ, կարելի է շարունակել, բայց փաստը մնում է փաստ. Թե’ ԱՄՆ-ն, թե’ Եվրոպան և թե’ Ռուսաստանը կա’մ նման դոկտրինին, այսինքն` Ադրբեջանի հոխորտանքին լուրջ չեն վերաբերվում, կա’մ սա նրանց ձեռնտու է»,- բացատրեց Խ. Հարությունյանը: Անվիճելի է, որ այս ամենի հիմքում ընկած են նաև Թուրքիայի անթաքույց ձգտումները` դառնալ տարածաշրջանի, Մերձավոր Արևելքի և իսլամական աշխարհի լիդեր, իսկ Ադրբեջանի այս դոկտրինալ մոտեցումները լրացնում են Թուրքիայի քաղաքականությունը: «Թուրքիան գնում է «ամեն ինչ ստանալ` ոչինչ չվճարելով» ճանապարհով և փորձում է պարտադրել միջազգային հանրությանը հաշտվել նրա հետ, որ ինքն այլևս գերտերություն է և հանդիսանում է Մերձավոր Արևելքի և իսլամական աշխարհի թիվ մեկ պատասխանատուն»,- նշեց Հարությունյանը: Այս դեպքում ի՞նչ է մնում Հայաստանին: «Սթափվել», քանի որ, իրականում, միջազգային հանրությունը Հարավային Կովկասում տեղի ունեցած հատկապես պատմական մանրամասներին ծանոթ չէ և շատ դեպքերում, որոշումներ կայացնելիս, առաջնորդվում է մասնավորապես Ադրբեջանի թեզով, թե` «Հայաստանը զավթել է ադրբեջանական տարածքների 20 տոկոսը» և այլն: «Բայց ոչ ոք չի իմանում, թե Ղարաբաղը որտեղի՞ց է առաջացել, ի՞նչ պատմություն ունի և ի՞նչ խաղաղ ու օրենքով ամրագրված շարժում է սկսվել 1988 թ-ին, որին Ադրբեջանն արձագանքեց Բաքվի և Սումգայիթի ցեղասպանությամբ»: Այլ կերպ ասած` Հայաստանի սխալն այն է, որ կարծում է, թե բոլորն այդ մասին գիտեն, մինչդեռ ոչ ոք ոչինչ չգիտի: «Ցավոք, քարոզչական պատերազմում ենք տանուլ տալիս, սա է ամենավտանգավոր միտումը, իսկ եթե տանուլ ենք տալիս, այնտեղ` Արևմուտքում, քաղաքական որոշումներ կայացնելու են այն դոգմատիկ ձևակերպումների հիման վրա, որոնք էլ ամենից շատն են լսում»,- պարզաբանեց Խ. Հարությունյանը: Անընդհատ դրա մասին խոսում ենք, և գոնե վերջին շրջանում այս խնդիրն անընդհատ բարձրացվում է, բայց կարծես թե ոչ մի առաջընթաց չի արձանագրվում: Խ. Հարությունյանը կարծում է, որ լուծումը քարոզչությունը պետական մակարդակ տեղափոխելն ու քաղաքականության առանցքային բաղկացուցիչ դարձնելն է, ու քանի դեռ դա չենք ամրագրել, միշտ էլ այսպես կլինի. «Սա, իրականում, պետք է ամրագրենք դոկտրինալ հիմքի վրա և երբ արտաքին քաղաքականության առանցքային բաղկացուցիչը մեր պրոպագանդան լինի, ապա պետական բյուջեն փող կտա, նրանք էլ քարոզչությամբ կզբաղվեն լուրջ, այլ ոչ թե սիրողական մակարդակով, ինչպես որ արվում է այսօր»,- հավելեց Panorama.am-ի զրուցակիցը:

No comments: