Saturday, June 19, 2010

Կօգնե՞ն արդյոք համաժողովները հայ-իրանական տնտեսական կապերին

News.am. 18-6-2010- Երեւանում այսօր իր աշխատանքներն է սկսել հայ-իրանական գործարար համաժողովը: Իրանական կողմը ամենայն լրջությամբ է վերաբերել համաժողովին, որի վկայությունն է 83 ընկերություների ներկայացուցիչների մասնակցությունը: Այս տարի սա արդեն երկրորդ հայ-իրանական գործարար համաժողովն է։ Առաջինն անցկացվել էր Թեհրանում, փետրվարին: Հայկական կողմից կազմակերպիչը Զարգացման հայկական գործակալությունն է: Չնայած Իրանը մեր անմիջական հարեւանն է, որի հետ հաստատվել են քաղաքական բնականոն հարաբերություններ, հայ-իրանական տնտեսական կապերը այնքան էլ սերտ չեն, իսկ 2008 թ. համեմատ դրանք զգալիորեն վատթարացել են: Հայաստանի և Իրանի միջեւ առեւտրաշրջանառությունը 2009 թ. կազմել է 153.4 մլն դոլար` 2008 թ. համեմատ նվազելով 32.7 տոկոսով: Իրանին 2009 թ. բաժին է ընկել մեր արտաքին առեւտրաշրջանառության ընդամենը 3.8 տոկոսը, այնինչ նախորդ տարի 4.2 տոկոս էր: Համեմատության համար նշենք, որ փակ սահմանների պարագայում Թուրքիայի մասնաբաժինը 2009 թ. 4.5 տոկոս էր: Ընդհանուր առմամբ` Իրանը Հայաստանի 7-րդ առեւտրային գործընկերն է: Հայ-իրանական առեւտրային կապերն աչքի են ընկնում միակողմանիությամբ` Հայաստանն առավելապես ներմուծող երկիր է: 2009 թ. Հայաստանն Իրան է արտահանել 19 մլն դոլարի, ներմուծել` 134.4 մլն դոլարի արտադրանք: 2009 թ. Հայաստանից Իրան արտահանումը նվազեց 24 տոկոսով նույնիսկ այն պարագայում, երբ իրանական կողմը անսպասելի հետաքրքրություն ներկայացրեց հայկական ոչխարների նկատմամբ` հայ գյուղացիներից գնելով մոտ 150 հազ. գլուխ ոչխար:

No comments: