Saturday, June 19, 2010

Ի՞ՆՉ Է ԱԿՆԱՐԿՈՒՄ ԲԱՔՈՒՆ

«Լրագիր» 19-6-2010- Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը Սանկտ-Պետերբուրգում հետաքրքրություն է ներկայացնում ոչ այնքան այդ հանդիպումից հետո արված պաշտոնական հայտարարությունների ու գնահատականների պատճառով, որքան` պաշտոնական Բաքվի “խիստ զսպվածության”: Հասարակայնությունը վաղուց սովորել է Լեռնային Ղարաբաղին վերաբերող յուրաքանչյուր դիվանագիտական ակտի նախօրեին կամ դրանից հետո Ադրբեջանի պաշտոնատարների բուռն մեկնաբանություններին: Իսկ ահա ներկայում, մեծ ուշացումով Բաքվից հնչեցայդ երկրի ԱԳՆ համեստ նախազգուշացումն առ այն, որ Հայաստանը պետք է ավելի պատասխանատու մոտենա Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին: Թե նախագահների հանդիպման ժամանակ ինչն է ընկալվել որպես Հայաստանի անպատասխանատվություն, դժվար է հասկանալ: Ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովայի հապշտապ հայտարարությունն, առաջին հայացքից, ոչ մի կերպ չի կարող բավարարել հասարակայնության հետաքրքրությունը: Հետաքրքրություն չի կարող լինել այն խոսքերում, թե նախագահները հաստատել են ղարաբաղյան կարգավորման Մադրիդյան սկզբունքների համաձայնեցման շուրջ երկխոսության պատրաստակամությունը, եւ որ պատրաստ են շարունակել երկխոսությունը` ավարտելու այդ փաստաթղթի վրա աշխատանքը Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի` որպես Մինսկի խմբի համանախագահների, միջնորդությամբ: Այս մասին խոսում են նախագահների յուրաքանչյուր հանդիպումից հետո: Նմանապես, առօրեական են թվում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքերն այն մասին, որ հունիսի 17-ի եռակողմ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, կողմերը արձանագրեցին այն, ինչին հասել են առ այսօր հանդիպումների արդյունքում եւ պայմանավորվեցին շարունակել բանակցությունները հենց դրա հիման վրա: Այն ֆոնին, որ վերջին մի քանի ամիսներին կարգավորման դիվանագիտության մեջ նկատվում էր ստագնացիա, իսկ մամուլն առավելապես խոսում էր զանազան նախագծերի մասին, որ ներառում էին հակամարտության գոտում ռուսական զինուժի տեղակայումը, սանկտ-պետերբուրգյան հանդիպումը հիշեցնում է որեւէ իմաստ չունեցող “կողմնակի միջոցառում”: Կամ էլ` այս հանդիպմանն ինչ որ անսպասելի բան է տեղի ունեցել: Համենայնդեպս, հանդիպումից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահի հապշտապ հեռանալը Սանկտ-Պետերբուրգից կարող է վկայել պաշտոնական Բաքվի որոշակի նյարդայնության հետ: Լեռնային ղարաբաղի վիճակի շուրջ ստեղծված իրավիճակը մեր խնդրանքով մեկնաբանում է ՌԱՀՀԿ փորձագետ մանվել Սարգսյանը: - Չեմ կարծում, թե տվյալ հանդիպումը հերթապահ բնույթ ուներ,- նշել է Մանվել Սարգսյանը: - Ընդհակառակը, Սանկտ-Պետերբուրգում, իմ կարծիքով, տեղի են ունեցել կարեւոր բաներ: Թերեւս, դրա հետ է կապված Ադրբեջանի ԱԳՆ կամակոր կեցվածքը: Ստեղծված իրավիճակի էությունը հասկանալու համար անհրաժեշտ է նախագահների բանակցության անցած փուլը դիտարկել Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակի ֆոնին: Հիշենք թեկուզ Ստամբուլում հունիսի 8-ին ՌԴ վարչապետ Պուտինի հայտարարությունն այն մասին, որ ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա այս խնդիրը պետք է լուծեն հայերն ու ադրբեջանցիները, մյուսները կարող են միայն պայմանավորվածությունների երաշխավոր լինել: Չենք ուզում, որ հետո որեւէ մեկը համարի, թե մենք ճնշել ենք կողմերից մեկին եւ հասել անարդար համաձայնության: Հիշենք նաեւ դրանից հետո արված Ադրբեջանի նախագահի սպառնալից ելույթը, թե եթե Մինսկի խմբի համանախագահները Հայաստանին չստիպեն ընդունել նորացված Մադրիդյան սկզբունքները, Ադրբեջանը կվերանայի բանակցությանը իր մասնակցությունը: Մանվել Սարգսյանի խոսքով, բարձրագույն պաշտոնատարների այս բանավեճին պետք է ամենայն լրջությամբ վերաբերվել: “Վերջին ամիսներին Թուրքիան եւ Ադրբեջանը սերտ կապերի մեջ էին Ռուսաստանի հետ, ղարաբաղյան կարգավորման ծրագրեր կազմելով առանց Հայաստանի: Հենց այս փուլում խոսակցություններ եղան այն մասին, թե կան պայմանավորվածություններ ռուսական զորք տեղակայել ներկայում ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող երկու շրջաններում: Որ այդ խոսակցություններն անհիմն չէին, զգացվում էր Հայաստանի նյարդային արձագանքից, որի ղեկավարությունը ռեվերանսներ արեց ՆԱՏՕ-ի կողմ, առաջարկելով այդ կազմակերպությանն ուղղակի զբաղվել ղարաբաղյան հակամարտությամբ: Սակայն, արդյունքում, քաղաքական աշխարհը վկա եղավ Թուրքիայում Պուտինի կտրուկ հայտարարությանն այն մասին, որ հակամարտությունը կարող են լուծել միայն Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները: Այն պայմաններում, երբ Ադրբեջանը ամբողջ ամիսներ պնդում էր, թե հերթը Հայաստանինն է, քանի որ ինքն ընդունել է մադրիդյան նորացված սկզբունքները, Պուտինի նման հայտարարությունը կարող էր ընկալվել որպես բռունցքով հարված սեղանին: Այս իմաստով, Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպումը կարելի է գնահատել որպես Ստամբուլում Պուտինի ժեստի “դիվանագիտական ինստիտուցիոնալացում”: Պատկերավոր ասած, առաջարկվել է ամեն ինչ վերադարձնել 2007 թ. իրավիճակին: Նման առաջարկին Ադրբեջանին մնում էր կրճտացնել ատամները “Ադրբեջանի դիրքորոշումը մնում է նույնը` հայկական ու ադրբեջանական կողմերին ներկայացված փաստաթուղթը թույլ է տալիս դուրս գալ բանակցային գործընթացի նոր մակարդակ” հայտարարության տեսքով: հասկանալի է, որ վերջին դեպքում խոսքը Բաքվի սիրած “մադրիդյան նորացված փաստաթղթի” մասին է”: Մեր հարցին, թե ինչի հետ է կապված ռուսաստանի նման դիրքորոշումը, Մանվել Սարգսյանը պատասխանել է. “Հարցը ոչ միայն ռուսաստանի դիրքորոշումն է: Լեռնային Ղարաբաղի շուրջ միջազգային իրավիճակի վրա ազդում են վերջին ժամանակաշրջանում նկատելի դարձած “տեկտոնական տեղաշարժերը” համաշխարհային եւ ռեգիոնալ տերությունների քաղաքականության մեջ: Այս տարվա գարնանը նկատվող Թուրքիայի մերձեցումը Ռուսաստանի ու Իրանի հետ առաջացրել են ԱՄՆ եւ Եվրոպայի առաջատար երկրների կտրուկ վերաբերմունք: հասկանալի է, որ այս երկրներից ոչ մեկը չի կարող հանգիստ նայել Արեւմուտքի շահերը շրջանցելով այս երկրների ջանքերը համակարգելու փորձերին: Դա վերաբերում է ինչպես Իրանի միջուկային ծրագրին, այնպես էլ Հարավային Կովկասում ռազմական ներկայության պատկերը փոխելու մտադրություններին”: Փորձագետի կարծիքով, Արեւմուտքի մի քանի ժեստերը Ռուսաստանին արագ ստիպեցին ենթարկվել գլոբալ քաղաքականության կարգապահությանը: Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը, որում ասվում է, թե հարավային Կովկասը համարվում է Եվրոպայի էներգետիկ շահերի գոտի, ԱՄՆ պաշտպանության նախարարի այցը Բաքու, որով հիշեցվեց բոլորին, որ Ադրբեջանը ռազմավարական միջանցք է Աֆղանստան զորք փոխադրելու համար, Իրանի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւը, որով արժեզրկվեց Իրան-Թուրքիա-Բրազիլիա եռակողմ համաձայնությունը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ,- այս ամենը ազդանշան դարձավ տարածաշրջանի երկրների համար այն մասին, որ նրանց “ռեգիոնալ անցուդարձը” միջազգային անվտանգության համակարգի տեսակետից անմեղ բան չէ: “Համենայն դեպս, Ադրբեջանին, որպես Թուրքիայի կրտսեր եղբայր, ցույց տրվեց, որ նրան թույլատրված չէ միանձնյա տերուտնօրինություն անել այն տարածքում, որը նա համարում է իր պետությունը”, նշել է Մանվել Սարգսյանը: Նա գտնում է, որ ռազմական դոկտրինի հապշտապ ընդունումը, որը Ադրբեջանին հնարավորություն է տալիս իր տարածքում տեղակայել օտարերկրյա զորքեր, թելադրված է այս երկրի կողմից իր պետականությանը սպառնալիքի գիտակցումով: “Այս որոշումը միայն օտարերկրյա զորքի միջոցով Ղարաբաղը վերադարձնելու ցանկությամբ պայմանավորելն այդքան էլ Ճիշտ չէ: Եթե որեւէ երկիր ընդունում է իր տարածքում օտար զորք տեղակայելու որոշում, նշանակում է նա կասկածում է սեփական անվտանգությունն ապահովելու իր կարողությունը: Թերեւս, Ադրբեջանի նման որոշման վրա, ոչ վերջին հերթին, ազդեցություն է ունեցել Կիրգիզիայի հետ պատահածը: Ներկայում տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր կիրգիզական իրադարձություններում դիտարկում է առավել լայն աշխարհքաղաքական իմաստ` սեփական հայեցողությամբ տարածաշրջանում գործելու փորձերը, առանց հաշվի առնելու այլոց կարծիքը, առավել հաճախ ավարտվում են անկանխատեսելի հանգամանքներով” , ասել է փորձագետը: Համենայնդեպս, նկատելի է, որ ոչ մի երկիր առայժմ չի համարձակվում արմատապես միջամտել դիմակայության գոտում Լեռնային Ղարաբաղում”, ասել է Մանվել Սարգսյանը:

No comments: