Wednesday, June 9, 2010

Քրիստոնյա Եվրոպայի գոյությունը որոշվելու է ԼՂՀ-ով. Ֆրանտիշեկ Միկլոշկո

Tert.am. 9-6-2010- Սլովակիայի Ազգային խորհրդի առաջին նախագահ, ԱԽ-ի ներկայիս պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոն, որը մայիսի 23-ին որպես դիտորդ հետևել էր ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքին, Հայաստանից և Արցախից ստացած իր տպավորությունների մասին «Ավետյաց Երկիր» վերնագրով հոդված է տպագրել Սլովակիայի ամենահայտնի պարբերականներից մեկում` Tyzden-ում (Տիժդեն): Հոդվածում սլովակ պատգամավորը գրում է, որ ԼՂՀ-ն դե ֆակտո անկախ հանրապետություն է, որին դե յուրե դեռ ոչ ոք չի ճանաչել: «Ընտրություններին ժողովրդի 71 տոկոսի մասնակցությունը այն տպավորությունը թողեց ինձ վրա, որ նորից ԼՂՀ-ի անկախության հանրաքվե տեղի ունեցավ»,- գրում է Միկլոշկոն՝ հավելելով, որ «ԼՂՀ-ն հանդուրժողական և ժողովրդավարական երկիր է ի տարբերություն, օրինակ, Ադրբեջանի, որտեղ վերջերս խորհրդարանն օրենք ընդունեց՝ Ալիևին ցմահ իշխանության մանդատ տալու մասին»: Հոդվածում սվովակ պատգամավորը գրում է, որ Արցախի ընտրություններից մեկ օր առաջ ԼՂՀ-ի ԱԳՆ-ում մի լուր ստացվեց Բրյուսելից. Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշտոնը հայտարարել է, որ ԵՄ-ն չի ընդունում ԼՂՀ-ի ընտրությունները: «Ընտրությունների ավարտից հետո 63 անկախ դիտորդ հայտարարություն ստորագրեցին, որ ԼՂՀ-ի ընտրությունները խաղաղ, ազատ և ժողովրդավարական էին ու բոլոր միջազգային նորմերին և պահանջներին համապատասխան»,- նշում է հոդվածագիրը: «Իմ ԼՂՀ-ում մնալու ընթացքում այն տպավորությունը ստացա, որ ԼՂՀ-ի խնդիրն ի վերջո Եվրամիության խնդիրն է: 138 հազար ԼՂՀ բնակիչ անելանելի վիճակում պաշտպանում է իր քրիստոնեական քաղաքակրթությունը, պատմությունը, իր հոգևոր և ֆիզիկական էությունը: ԼՂՀ-ն այսօր գոյություն ունի հատկապես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանորդների շնորհիվ, որոնք կազմում են այսպես կոչված Մինսկի խումբը և փնտրում լուծում: ԼՂՀ-ն գույություն ունի նաև Հայաստանում և ԼՂՀ-ում ապրող հայերի շնորհիվ, որոնք պատրաստ են պատերազմով պաշտպանել ԼՂՀ-ն շատ ավելի մեծ, բայց ավելի թույլ Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկվելու դեպքում: 1938թ. Եվրոպայի գերհզոր երկրները հանձնեցին Չեխիայի ու Սլովակիայի տարածքները Հիտլերին` մտածելով, որ այդ ճանապարհով կփրկեն խաղաղությունը Եվրոպայում: Իրականում ոչ խաղաղությունը փրկեցին, ոչ էլ իրենք իրենց: Եթե ԵՄ-ն բաց թողնի ձեռքից փոքրիկ ԼՂՀ-ին և նրա քրիստոնեական քաղաքակրթությունը փրկելու հնարավորությունը` թույլ տալով, որ հաղթանակի այստեղ օտարի քաղաքակրթությունը, անկասկած նույնը պատահելու է իրեն` ԵՄ-ին: Քրիստոնեական Եվրոպան այսօր մի շղթա է ներկայացնում, որի գոյությունը որոշվելու է ի վերջո իր ամենաթույլ օղակով. այդ օղակը ԼՂՀ-ն է»,- գրում է սլովակ պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոն:

No comments: