Saturday, June 19, 2010

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉՊԵՏՔ Է ԿԱՍԿԱԾԻ

«Լրագիր» 19-6-2010- Ադրբեջանը փաստորեն պաշտոնապես ընդունեց, որ հունիսի 18-ի գիշերը հատուկ դիվերսիա է կազմակերպել ԼՂՀ դեմ: Այդ երկրի ԱԳՆ տարածել է հայտարարություն, որում սպառնալիքներ է տեղում հայկական կողմի հասցեին, նշելով, թե նման բախումները վկայում են, որ ադրբեջանական կողմը երբեք չի համակերպվի իր տարածքների օկուպացիային, եւ նման բախումները կշարունակվեն, եթե հայերը չհամաձայնեն Մադրիդյան նորացված սկզբունքներին: Սա շարունակությունն է Ադրբեջանի ԱԳՆ երեկվա հայտարարության` Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հանդիպման կապակցությամբ, որից հետո Ալիեւը հապշտապ հեռացել էր Սանկտ Պետերբուրգից: Վերջին շրջանում Ղարաբաղի կարգավորման դիվանագիտության մեջ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախաձեռնությունները հետեւողականորեն տապալվում են, ինչն էլ դարձել է այդ երկրի նյարդային պահվածքի պատճառ: Ադրբեջանը մեկ սպառնում է ռազմական լուծումով, մեկ հայտարարում, թե դուրս կգա բանակցությունից, մեկ Հայաստանին խորհուրդ տալիս ընդունել իր սիրած Մադրիդյան նորացված փաստաթուղթը: Իսկ ԼՂՀ-ի դեմ վերջին դիվերսիան ցույց է տալիս, որ թերեւս սպառվել է այդ երկրի հետ քաղաքակիրթ խոսակցության ռեսուրսը: Հայկական կողմը պետք է ի վերջո լուրջ եզրակացություններ կատարի այս ամենից: Չի կարելի միակողմանի քաղաքակիրթ լինել. Դա վտանգում է ոչ միայն երկու հայկական պետություններին, մեր զինվորներին ու ժողովրդին, այլեւ հղի է ծանր հետեւանքներով ողջ տարածաշրջանի համար: Ի վերջո, որեւէ նման միջադեպ աշխարհի ոչ մի ծագում անհետեւանք չի մնում, նման դեպքերը, զինադադարի խախտումները ստանում են արժանի հակահարված: Ադրբեջանը պետք է այլեւս կասկած չունենա, որ հետայսու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից մշտապես կստանա պատասխան ծանր հարված, ավելի ծանր, քան 2008-ի մարտի սկզբներին, երբ փորձել էր օգտվել Երեւանում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններից: Դրա համար բոլոր հիմքերը կան:

No comments: