![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEghyiTW2mc1Zuk0RCm2P0OWH424jR_H-cTx0koGb4zukqeDu8bPDJFjn9cqmxE2q6fq-SOz_eWBkrxHAe1VwtnRxpJ83KeIHHWzHPcbsKo7adtDCF5USRA_Uq34UsX_zbwOk4R_HoW-WqQF/s320/Gharabagh+dirkeroom2,Web.jpg)
Երեկ` հունիսի 18-ին ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատայինները հատելով ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածը, գրոհել են Չայլու գյուղի մերձակա ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկը:
Նախահարձակ հակառակորդի շուրջ երկու տասնյակ զինվորներից կազմված հետախուզա-դիվերսիոն խմբի վնասազերծման նպատակով ԼՂՀ Զինված ուժերի վերոնշյալ ուղղության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում ադրբեջանական ջոկատայինները կրելով կորուստներ դիմել են փախուստի: Պաշտպանական թեժ մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև ղարաբաղյան կողմը:
Հատկանշական է, որ հակամարտող կողմերի շփման գծում ադրբեջանական զինուժի սանձազերծած հերթական լուրջ միջադեպը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի նախաձեռնությամբ անցկացված եռակողմ հանդիպումից ընդամենը մեկ օր հետո, որտեղ ի դեպ Ադրբեջանի նախագահն իր պատրաստակամությունն էր հայտնել շարունակել հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհը:
Փաստելով այս և դրան նախորդած դիվերսիոն գործողությունների ու հրադադարի խախտման դեպքերի հաճախակի դարձած պրակտիկան, ԼՂՀ պաշտպանության նախարարությունը անհրաժեշտ է համարում իրազեկել, որ ադրբեջանական կողմն այդ ճանապարհով փորձում է պարբերաբար և նպատակաուղղված ապակայունացնել իրադրությունը հակամարտ զորքերի սահմանազատման գծում և դրանով իսկ հարցականի տակ դնել առանց այդ էլ տարածաշրջանում տիրող փխրուն խաղաղությունը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերթական անգամ Բաքվին հիշեցնում և նախազգուշացնում է, որ ԼՂՀ անվտանգությանը սպառնացող և շփման գոտում իրադրության ապակայունացմամբ հղի` ադրբեջանական կողմի ամեն մի գործողության այսուհետ ևս կտրվի համարժեք պատասխան:
No comments:
Post a Comment