Tuesday, June 22, 2010

«ԱԴՐԲԵՋԱՆՆ «ԸՆԴՈՒՆՈՒՄ» Է ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸՙ ԴՐԱՆՑ ՄԵԾ ՄԱՍԻՆ ՉՀԱՄԱՁԱՅՆԵԼՈՎ»

Նշել է արտգործնախարար Նալբանդյանը «Նեզավիսիմայա գազետայում» «ԱԶԳ» , 22-06-2010- Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի օրերին, որին մասնակցում էր Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը, տեղի ունեցան հայ-ռուս-ադրբեջանական ամենաբարձր մակարդակով բանակցություններ` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ: Թեման, բնականաբար, ղարաբաղյան հակամարտությունն էր: Այս կապակցությամբ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ին, որտեղ մասնավորապես խոսել է զիջումների եւ փոխզիջումների տարբերություններից, մադրիդյան սկզբունքներից, բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության անհրաժեշտությունից եւ առհասարակ Հայաստանի` հարեւանների հետ ունեցած հարաբերություններից: Պատասխանելով լրագրողի հարցինՙ ի՞նչ զիջումների կարող է դիմել Երեւանը Ղարաբաղի հարցում, նախարարը պատասխանել է. «Կարծում եմ, ավելի ճիշտ է խոսել փոխզիջումների մասին, այլՙ ոչ թե զիջումների: Բայց եկեք ամեն ինչ սկզբից սկսենք: Ինչպես հայտնի է, այսօր բանակցություններն ընթանում են 2007-ի նոյեմբերին Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած մադրիդյան սկզբունքների հիման վրա: Հայաստանն այս փաստաթուղթը որպես հիմք ընդունել է ավելի քան երկու տարի առաջ, մինչդեռ Ադրբեջանը առհասարակ հերքում էր նման փաստաթղթի գոյությունը: Իսկ հիմա` երկու տարի անց, Բաքուն ընդունել է կեցվածք, թե իբր «ինչ-որ բան» ընդունում է: Ի՞նչ է ընդունում Ադրբեջանը: Նշեմ, որ հակամարտության լուծման առանցքային հարցն է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Այս մասին հայտարարել են անգամ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները անցյալ հուլիսին լ’Ակվիլայում` հրապարակելով մադրիդյան որոշ սկզբունքներ, որտեղ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամքի հիման վրա: Իսկ Ադրբեջանի ղեկավարները, խոսելով Ղարաբաղին ինքնավարության իրավունք տալու մասին` Ադրբեջանի ենթակայության տակ, փաստորեն, խախտում են Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, մինչդեռ այս սկզբունքը հիմնականներից է մադրիդյան փաստաթղթում, որը մեկ անգամ եւս հաստատվել է ԵԱՀԿ անդամ 56 երկրների արտգործնախարարների կողմից 2009-ի դեկտեմբերին Աթենքում: Ադրբեջանը կոպտորեն խախտում է մադրիդյան սկզբունքների եւս մի կարեւոր դրույթ, որը պահանջում է ուժի չկիրառում, նրանք հրաժարվում են կատարել նաեւ ԵԱՀԿ առաջարկությունը, որ առաջնային գծից պետք է հեռացվեն դիպուկահարները: Մայնդորֆյան հռչակագրի ընդունումից հետո Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին, թե փաստաթղթում տեղ գտած դրույթը, ըստ որի չի խարխուսվում ուժի կիրառումը, չի նշանակում, թե Ադրբեջանը ստանձնում է ուժ չկիրառելու պարտավորություն, ինչպես ասում են` առանց մեկնաբանությունների: Ուժի կիրառման սպառնալիքներ Բաքվից լսվում են ամեն օր: Թերեւս նրանք այդպես են վարվում բանակցությունները տապալելու ցանկությամբ: Ադրբեջանն այսօր «բռնում» է միայն մեկ կետ` տարածքային ամբողջականության, ընդ որումՙ սա էլ ներկայացնելով յուրովի: Դժվար է համոզել որեւէ մեկին, թե դու ընդունում ես մադրիդյան սկզբունքները, եթե դու համաձայն չես դրա զգալի մասին»: Խոսելով բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության մասին` Նալբանդյանը շեշտել է, որ Ստեփանակերտի մասնակցությունը «հակամարտության լուծման հիմնաքարն է». «Այս հանգամանքը նաեւ ամրագրված է հակամարտության լուծմանն ուղղված Մինսկի համաժողովի մանդատով: Հենց ԼՂ ժողովուրդը պետք է որոշի իր կարգավիճակը: Ղարաբաղի ներգրավվածության կարեւորության մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել են Մինսկի խմբի համանախագահները: Հիշեցնեմ, որ 1994-ին Ռուսաստանի նախաձեռնությամբ զինադադարի համաձայնագիրը նույնպես համաձայնեցված է ղարաբաղյան կողմի հետ. փաստաթղթում առկա է նաեւ Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը»: Նալբանդյանը խոսել է նաեւ հայ-թուրքական գործընթացից` շեշտելով, որ դրա վերականգնումը հնարավոր է միայն այն պարագայում, երբ «Անկարան կրկին պատրաստ կլինի առաջ գնալ առանց նախապայմանների»: Նախարարն ընդգծել է, որ այս մասին բազմիցս են հայտարարել «Մոսկվայից, Բրյուսելից, Վաշինգտոնից եւ Փարիզից»: Վերջում ՀՀ արտգործնախարարը անդրադարձել է նաեւ հայ-իրանական եւ հայ-վրացական հարաբերություններին: Նալբանդյանը նշել է, որ Հայաստանն ու Իրանը կապված են համատեղ անցյալով, բարեկամական կապերով, վերջին ժամանակներումՙ նաեւ տնտեսական մի շարք ծրագրերով. «Մենք ուշադրությամբ հետեւում ենք Իրանի ատոմային ծրագրի ընթացքին եւ հույս ունենք, որ բոլոր վիճելի հարցերը կլուծվեն բանակցություններով»: Հայ-վրացական հարաբերությունների մասին խոսելիս նախարարը նշել է. «Հայաստանն այն երկրներից է, որոնք շահագրգռված են բարգավաճ եւ անվտանգ Վրաստան տեսնելով: Եվ սա ոչ միայն այն պատճառով, որ մեր ապրանքաշրջանառության 70 տոկոսը Վրաստանի տարածքով է կատարվում, այլեւ այն, որ այդ երկրում մենք ունենք բազմահազարանոց համայնք, եւ մեր երկու երկրները կապված են դարավոր բարեկամության եւ բարիդրացիության կապերով: Իսկ «մանր եւ զգայուն խնդիրները», չեմ կարծում, որ մենք ունակ չենք համատեղ լուծելու: Պատրաստեցՙ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԸ

No comments: