Thursday, June 10, 2010

ՄԵՐ “ԷԼԻՏԱՅԻ” ԲԱՐԴՈՒՅԹԸ

Օտարալեզու դպրոցների խնդրին անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանը: Նրա մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը “Առավոտ” օրաթերթի հարցին պատասխանելով, ասել է, որ Սերժ Սարգսյանը դրական է վերաբերում այդ դպրոցների բացմանը: Այդ վերաբերմունքի մեջ հետաքրքրականը բացատրությունն է, որով հիմնավորվում է, թե ինչու է Սերժ Սարգսյանը կողմ այդ դպրոցների ստեղծմանը: «Քննարկվում է ոչ թե օտարալեզու, այլ միջազգային չափանիշներին համապատասխան մի քանի մասնավոր դպրոց Հայաստանում հիմնելու խնդիրը, և Հայաստանի Հանրապետության նախագահը դրան դրական է վերաբերվում: Սա հնարավորություն կտա օժտված շատ երեխաների ոչ թե բռնել օտարության ճանապարհը, այլ Հայաստանում լիարժեք կրթություն ստանալ: Ընդ որում, այդ դպրոցներում հայագիտական առարկաների ուսումնասիրությունը պարտադիր է լինելու: Այդպիսի դպրոցների շնորհիվ սփյուռքահայ երեխաները կարող են Հայաստանում կրթություն ստանալ, ավելի սերտ կապեր հաստատել հայրենիքի հետ”, ասել է նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը: Այդ բացատրության մեջ կան մի քանի մտքեր, որոնք առաջացնում են որոշակի հարցեր: Օրինակ, ինչ է նշանակում ոչ թե օտարալեզու, այլ միջազգային չափանիշներին համապատասխան մասնավոր դպրոցներ: Այդ դեպքում ինչու է փոխվում Լեզվի մասին օրենքը, եթե խոսքը օտարալեզու դպրոցի մասին չէ: Այսինքն, ակնհայտ է, որ փորձ է արվում հասկացությունների խաղարկմամբ որոշակիորեն սքողել բուն խնդիրը: Ի՞նչ է նշանակում մասնավոր դպրոց: Ի՞նչ ծրագրով են այդ դպրոցները կրթություն տալու երեխաներին, ի՞նչ լեզվով է լինելու այդ կրթությունը: Ի՞նչ է նշանակում հայագիտական առարկաների պարտադիր ուսուցում: Իսկ ի՞նչը չի լինելու պարտադիր: Ի՞նչ է նշանակում օտարության ճամփան բռնող օժտված երեխաներ: Քանի՞սն են նրանք, կա՞ արդյոք վիճակագրություն: Ի՞նչ սոցիալական խավից են նրանք: Կարո՞ղ է արդյոք Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացու օժտված երեխան կրթության համար բռնել օտարության ճամփան: Հազիվ թե: Միջին վիճակագրական քաղաքացու երեխան Հայաստանում հայալեզու դպրոցի ճանապարհն է հազիվ “բռնում”, ուր մնաց օտարության ճամփան բռնի: Ուրեմն խոսքն ունեւոր խավի երեխաների մասին է: Այլ կերպ ասած, խոսքը էլիտար դպրոցներ բացելու մասին է: Ակնհայտորեն ուրվագծվում է իշխանության նախաձեռնության հոգեբանական ենթատեքստը: Էլիտար բնակարանները կառուցեցին, հիմա պետք է կառուցվեն էլիտար դպրոցները, որպեսզի էլիտար բնակարաններում ապրողների երեխաները դպրոցներում հանկարծ շփում չունենան հասարակ քաղաքացիների երեխաների հետ: Հետո կկառուցվեն էլիտար բուհեր, հետո էլիտար փողոցներ, էլիտար մայթեր, էլիտար օդանավակայաններ: Իշխող “էլիտայի” համար տհաճ է որեւէ շփում ունենալ հասարակ քաղաքացիների հետ, այդ իսկ պատճառով “էլիտան” կառուցում է իր աշխարհը: Իսկ հասարակ քաղաքացիների դպրոցները ինչ ուզում են թող լինեն, հասարակ քաղաքացիները կանգառներում թող նվաղեն տրանսպորտ սպասելիս, փողոցներում թող խեղդվեն շոգից կամ զով քամու առաջացրած փոշուց եւ կեղտից, հասարակ քաղաքացիների տներն ու շենքերը թող քանդվեն, քաղաքացիները թող ընկնեն իրենց վերելակների խորշերը, թող վայելեն կյանքը գետնախորշում: Դա է ամբողջ խնդիրը: Որեւէ պարագայում որեւէ խնդրի լուծման հարց դնելիս, շատ կարեւոր է հարցադրումն անողի հոգեբանությունը: Այլ է հռչակվող նպատակը, եւ այլ են իրական, ենթագիտակցական մղումները: Ու որոշումների փաստարկման ու հիմնավորման համոզչականությունը պայմանավորված է հենց հոգեբանական, ենթագիտակցական վիճակով: Թերեւս դա է պատճառը, որ իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում հիմնավորել, որ իր նախաձեռնությունը բխում է կրթական համակարգը բարելավելու անկեղծ մղումից, որ այդ մղումը միտված է շարքային քաղաքացու շահին եւ ոչ թե սպասարկում է ընդամենը մի փոքր խմբի բիզնես շահը եւ հագուրդ տալիս “էլիտայի” բարդույթներին: Չի ստացվում փաստարկել, հիմնավորել, բացատրել, որովհետեւ չկա հոգեբանական եւ ենթագիտակցական անկեղծությունը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: