Wednesday, June 9, 2010

Ադրբեջանի ռազմական դոկտրինում չի բացառվում ուժի կիրառումը Հայաստանի նկատմամբ

Tert.am. 9-6-2010- Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում, օգտագործելով բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում՝ ռազմական ուժը, «ազատագրել իր գրավյալ տարածքները և վերականգնել իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։ Այս մասին ամրագրված է Ադրբեջանի ռազմական դոկտրինում, որն ընդունվել է երկրի Միլի մեջլիսում ձայների մեծամասնությամբ։ Ռազմական դոկտրինի նախագծում նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանական քաղաքականությունը հավատարիմ է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին և ուղղված է բոլոր պետությունների հետ խաղաղ գոյակցությանը։ Նշվում է, որ Ադրբեջանը չի պատրաստվում որևէ երկրի դեմ սկսել ռազմական գործողություններ՝ բացառությամբ ագրեսիայի զոհ դառնալու դեպքերի։ Ադրբեջանի պաշտպանական քաղաքականությունը բացառում է պատերազմը որպես ուրիշ պետությունների անկախության ճնշման և միջազգային հակամարտությունների մեթոդ։ Ադրբեջանի ռազմական դոկտրինում նշվում է, որ Հայաստանին և Ղարաբաղի իշխանություններին ցանկացած քաղաքական, ռազմական, տնտեսական և այլ աջակցության տրամադրումը «բռնազավթման արդյունքների պաշտոնապես ճանաչման նպատակով» գնահատվում է որպես Ադրբեջանի դեմ ուղղված գործողություն։ Փաստաթղթում նշվում է , որ «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների զավթումը Ադրբեջանի ազգային անվտանգության վրա բացասաբար ազդող հիմնական գործոնն է»։ Բացասաբար է ազդում նաև «ժամանակին հայկական կողմի իրականացրած էթնիկ զտման քաղաքականությունը» և «Հայաստանի ադրբեջանաբնակ շրջանների և Ադրբեջանի գրավյալ տարածքների» սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների քայքայումն ու «ադրբեջանական հողերի շարունակվող օկուպացիան»։

No comments: