Wednesday, June 9, 2010

ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է, ՏԱՆԸ ՄԱՐԴ ՉԿԱ

«Լրագիր» 9-6-2010- Հայաստանի քաղաքական միջավայրից, ընդ որում այդ միջավայրի պաշտոնատար անձանցից, գնահատականներ են հնչում այն կապակցությամբ, որ իր պաշտպանության նախարարին ուղարկելով Ադրբեջան, բայց չուղարկելով Հայաստան, ԱՄՆ իշխանությունը պարզապես տրվել է ադրբեջանական շանտաժին: Զարմանալի մարդ են Հայաստանի քաղաքական գործիչները: Նրանց մեծ մասին թվում է, թե երջանկությունը “լացելու” կամ “բողոքելու” մեջ է: Ընդ որում, հատկանշական է այն, որ Հայաստանի քաղաքական դաշտի ներկայացուցիչները, այսպես կոչված քաղաքական էլիտայի ներկայացուցիչները ոչ թե քայլեր են ձեռնարկում կենցաղային այդ մտայնությունը հանրային գիտակցությունից հանելու համար, որ Հայաստանի հեռուստաեթերի հերոսները “Լացկանյանների ընտանիքը” չլինի, այլ իրենք են կենցաղից ընդօրինակում “լացուկոծի” գիտակցությունը, դրա տարբեր մոդիֆիկացիաներով եւ ուժգնությամբ: ԱՄՆ պաշտպանության նախարարն այցելել է Ադրբեջան, ու Հայաստան չի եկել: Լացուկոծի, ողբի, քենի, չուզողության մասին դատողությունների ծաղկունքի հիանալի առիթ: ԱՄՆ ենթարկվել է Ադրբեջանի շանտաժին: Հայաստանի քաղաքական միտքը դրանից ավելի հեռուն գնալ, ըստ երեւույթին, ի զորու չէ: Հետեւաբար, դատելով նույն այդ մտքի տրամաբանությունից, ԱՄՆ Հայաստանի կամ ամերիկահայերի շանտաժին է ենթարկվել, երբ անկախությունից ի վեր Հայաստանին է նվիրել 1,8 միլիարդ դոլար` տարատեսակ օգնության կարգով: Ադրբեջանցիներն էլ այդ ֆինանսական օգնությունների կապակցությամբ են ասիական լաց ու կոծ բարձրացնում: Չէ, Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքական դաշտերն արժեն իրար: Իրականում ինչ է տեղի ունենում: ԱՄՆ պաշտպանության նախարարներն առաջին անգամ չէ, որ այցելում են Ադրբեջան: Սակայն Հայաստան, այդ տարիների ընթացքում, կարծես թե ընդամենը մի անգամ է եղել ԱՄՆ պաշտպանության նախարարի այց, այն էլ շատ կարճատեւ` մի քանի ժամ: 2000, թե 2001 թվականին Հայաստան այցելեց Դոնալդ Ռամսֆելդը: Այնպես որ, քաղաքական պրոցեսներին քիչ թե շատ հետեւող անձանց համար պետք է որ զարմանալի չլիներ, որ ԱՄՆ պաշտպանության նախարարն այժմ այցելում է Ադրբեջան, իսկ Հայաստան չի գալիս: Եթե հայտարարվեր, որ այդ այցը կապված է Ղարաբաղի խնդրի հետ, ապա թերեւս միակողմանիությունը կարող էր առաջացնել մտահոգություններ: Բայց Ռոբերտ Գեյթսի ադրբեջանական այցի կապակցությամբ կարծես թե չի հայտարարվել դրանում Ղարաբաղի խնդրի առաջնայնության մասին: Պարզապես երեւի թե պետք է հասկանալ մի պարզ բան. Ամերիկայի Միացյալ Նահանգները լուրջ պետություն է եւ այլ պետությունների հետ հարաբերությունը կառուցելիս նա առաջնորդվում է ոչ թե լարախաղացի, այլ համաշխարհային քաղաքականության առաջատար պետության հոգեբանությամբ: Իսկ դա ենթադրում է ոչ միայն սեփական շահերի հստակ գիտակցում, այլ նաեւ համաշխարհային տարբեր տարածաշրջաններում ընդգրկված պետությունների դերի եւ պոտենցիալի հստակ պատկերացում: Ու հարաբերություններն այդ պետությունների հետ Նահանգները կառուցում են հենց այդ պատկերացման հիման վրա: Ավելի պարզ ասած` նայած, թե որ պետությունից ինչ են ոզում Միացյալ Նահանգները: Եթե նրանք փողեր են ծախսում Հայաստանի տնտեսական ենթակառուցվածքների արդիականացման, Հայաստանում քաղաքացիական իրավունքների պաշտպանության, հասարակական սեկտորի կայացման համար, ուրեմն երեւի թե պարզ պետք է լինի, որ ԱՄՆ պաշտպանության նախարարը Հայաստանում անելիք չունի, առավել եւս, որ Հայաստանն ինքնակամ ստանձնել է իր անվտանգության ապահովման հարցում ՀԱՊԿ գերակայությունը: Ինչ իմաստ կա Միացյալ Նահանգների համար ավելորդ խանդ առաջացնել ռուսների մոտ, առավել եւս, որ Նահանգները քաջ գիտակցում են, թե Հայաստանում “խանդի հողի” վրա ինչ ապակառուցողական քայլերի են ռուսներն ընդունակ: Ահա թե ինչու պաշտպանական բնագավառում ամերիկացիները Հայաստանի հետ գերադասում են աշխատել առավելապես ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջնակներում, կամ էլ ամերիկյան պաշտոնեական բավական ցածր, կարելի է ասեն աննկատ մակարդակ ունեցող պատվիրակությունների օգնությամբ: Բայց գլխավորն, իհարկե, ինչը թերեւս պետք է որ տեսանելի լիներ քաղաքական տեսողության թերեւս նվազագույն աստիճանի դեպքում էլ, դա այն է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի անվտանգության ապահովման տեսակյունից շեշտն ավելի շատ դնում է քաղաքացիական համակարգի ամրության ուղղությամբ կատարելիք աշխատանքի վրա: Հետեւաբար, լացուկոծի փոխարեն թերեւս արժե մտածել այդ ուղղությամբ հատկացվող ամերիկյան ֆինանսական, նյութական եւ խորհրդատվական օգնություններն առավել արդյունավետ օգտագործելու մասին, դրանց հանդեպ Հայաստանի իշխանական վերնախավ կոչվածի համարժեք վերաբերմունքի մասին, որպեսզի էլ ավելի բարձրանա այդ ծրագրերի արդյունավետությունը: Պետք է տարբերակել, թե ինչ է ուզում Նահանգները Հայաստանից, եւ ինչ է ուզում Ադրբեջանից: Նահանգները տարածաշրջանում քաղաքավարությամբ չեն զբաղված, այլ ռազմավարական քաղաքականությամբ: Իսկ դա ենթադրում է, որ Ադրբեջան, որի առանցքային նշանակությունն էներգետիկ աղբյուր լինելն ու կասպիական ավազանի դարպաս եւ միջինասիական ճանապարհ հանդիսանալն է, պետք է գնա հենց պաշտպանության նախարարը, քանի որ այդ ամենը ենթադրում են անվտանգության ապահովման ռազմական բաղադրիչի ամրություն: Իսկ Հայաստան, որի նշանակությունը Նահանգների համար ակնհայտորեն այն է, որ Հայաստանը տարածաշրջանում լինի քաղաքացիական համակարգի ամրությամբ առաջատար երկիր, բնական է, որ պետք է գան բոլորովին այլ կարգի պատվիրակություններ, չմոռանալով իհարկե մշտապես հաշվի առնել ու չգրգռել ռուսական անկանխատեսելի խանդը, որի դրսեւորումը ոչինչ չի փոխում, բացի Հայաստանն ու տարածաշրջանային զարգացումներն ահագին ժամանակով հետ գցելուց: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: