Saturday, June 19, 2010

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԹԵ՞ «ՓՈՒՉ» ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ռուս-հայ-ադրբեջանական հերթականն ու Ալիեւ կրտսերի «փախուստը» Սանկտ Պետերբուրգից «ԱԶԳ», 19-06-2010- Եվս մեկ հանդիպում, որ նպատակ ուներ առաջ մղելու հայ-ադրբեջանական բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ, տեղի ունեցավ Մոսկվայի նախաձեռնությամբ` Սանկտ Պետերբուրգում: Մղեց առաջ, թե ոչ` ժամանակը ցույց կտա, բայց ոչ մոտակա, քանի որ այսպիսի հանդիպումների իրական քննարկումների մասին լավագույն դեպքում առարկայորեն կխոսեն միայն նվազագույնը մի տասը տարի հետո: Սակայն, ինչպես գրեթե միշտ, այս դեպքում էլ հիմնական գնահատականներն ու արդեն տեղի ուենցածի վերլուծություն ներկայացվող կարծիքները առանձնակի ոչ մի արդյունքի մասին չեն խոսում: Դրան հակառակ, բանակցությունների կողմերը ու թեեւ մի որոշ ժամանակ անց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կբարձրաձայնեն «փոքր, բայց առաջ» քայլի մասին կամ էլ միմյանց կմեղադրեն «ապակառուցողական» դիրքորոշման համար: Հունիսի 17-ի ուշ երեկոյան Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նախ հիշեցրել է, որ սա վեցերորդ եռակողմ հանդիպումն է: «Վեց անգամ արդեն հանդիպել ենք` դա քիչ չէ», նշել է նա, որից հետո, նախատեսվածից կես ժամ ուշացումով, փակ դռների հետեւում էլ տեղի է ունեցել եռակողմ հանդիպումը: Հանդիպումը մեկնարկել է երեք նախագահների մասնակցությամբ, ապա նրանց են միացել արտգործնախարարները: 2007-ից հետո բոլոր առաջարկները` աշխատանքային Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը թերեւս միակ համապատասխան մակարդակի պաշտոնյան է, որ որեւէ մեկնաբանություն ու հայտարարություն է արել հանդիպումից հետո: Հերթական անհեթեթ մեկնաբանությունները հնչել են նաեւ Բաքվի անունից, սակայն այս պարագայում, պարզվում է, հարեւանները նախընտրում են մանր չինովնիկների, ասենք` Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունները, որոնցից, ի դեպ, ուզածդ պահին կարելի է հրաժարվել կամ «անցնել վրայով»: Հանդիպումների այս հարթակում խոսնակային մեկնաբանությունը միայն կարող է վկայել, որ Բաքվում արտահայտվելու խնդիրներ են ծագել, հատկապես որ վերջին ժամանակաշրջանում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ձայնը չի լսվում: Ամեն դեպքում, ըստ ՀՀ ԱԳՆ տեղեկացման, Նալբանդյանը մասնավորապես նշել է, որ Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, կարեւոր դեր է խաղում Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում: «Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ ներկայությամբ արդեն վեցերորդ հանդիպումն է կայանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Նախորդ հանդիպումներն ու բանակցությունները անց են կացվել Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Քիշնեւում եւ Սոչիում: Մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել նաեւ եռանախագահների նախաձեռնությամբ», ասել է Նալբանդյանը: Վերջին ամիսների ընթացքում, ըստ Նալբանդյանի, կողմերի միջեւ շփումներն ընթանում էին նախարարների մակարդակով` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ, որոնք լիովին աջակցվում էին մյուս համանախագահների` ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից: «Նախագահ Մեդվեդեւի ներգրավվածությամբ հանդիպումները հնարավորություն են ընձեռում մերձեցնելու կողմերի դիրքորոշումները, իսկ այն հարցերում, որոնց շուրջը պայմանավորվածություններ ձեռք չեն բերվում, կողմերը կարողանում են առավել հստակեցնել մոտեցումները, ինչը հնարավորություն է տալիս շարունակել բանակցությունները եւ շարժվել առաջ», պարզաբանել է ԱԳ նախարարը: Նալբանդյանը հունիսի 17-ի եռակողմ հանդիպումը գնահատել է որպես քննարկում կառուցողական մթնոլորտում, արձանագրմամբ, թե ինչի են հասել առ այսօր հանդիպումների արդյունքում եւ պայմանավորվածությամբ` շարունակելու բանակցությունները հենց դրա հիման վրա: Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաեւ տեղեկացրել էր, որ նույն օրը` հունիսի 17-ին հանդիպելու են ԵԱՀկ Մինսկի խմբի համանախագահները եւ Ադրբեջանի նախագահը, իսկ երեկ` համանախագահները հանդիպել են նաեւ Հայաստանի նախագահի հետ: Պատասխանելով մադրիդյան առաջարկությունների մասին հարցին` Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ 2007 թ. նոյեմբերից բանակցությունների սեղանին եղել է մեկ փաստաթուղթ` համանախագահների առաջարկած մադրիդյան սկզբունքները, որոնք նաեւ գրանցված են Վիեննայում` ԵԱՀԿ քարտուղարությունում` որպես պաշտոնական առաջարկություն: Դրանից հետո բոլոր առաջարկները կրել են աշխատանքային բնույթ: Ամփոփելով եռակողմ հանդիպումը` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է. «Գործընթացը Մինսկի խմբի եռանախագահներ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի աջակցությամբ շարունակվում է: Կարծում եմ, որ այս հանդիպումը օգտակար էր: Այն կարեւոր հանգրվան էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում»: Եռակողմ հանդիպմանը նմանօրինակ գնահատական է տրվել նաեւ Ռուսաստանի նախագահի աշխատակազմից: Ըստ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովայի, գրանցվել է կողմերի` ղարաբաղյան հակամարտության գործընթացում ունեցած դիրքորոշումների մերձեցում: «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ, Տիմակովան նշել է, որ եռակողմ հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցային խնդիրներ: Նա նաեւ նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հաստատել են իրենց պատրաստակամությունը` շարունակելու երկխոսությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի միջնորդությամբ: Համանախագահները հուլիսին կգան տարածաշրջան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հունիսի 17-ի ուշ երեկոյան Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան նախագահների եռակողմ հանդիպումից հետո, հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Բերնար Ֆասիեի (Ֆրանսիա), Իգոր Պոպովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Հանդիպման ընթացքում, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության ներկայիս փուլը եւ բանակցությունների հեռանկարները: Երեկ միջնորդական առաքելություն իրականացնող Մինսկի խմբի համանախագահների եւ ԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպել է նաեւ Հայաստանի նախագահը: Ի դեպ, համանախագահները, ամենայն հավանականությամբ այս հանդիպման արդյուքններն ամփոփելով ու թերեւս նոր ակնկալիքներով կամ առաջարկներով տարածաշրջան կայցելեն հուլիսի սկզբին: Այցելության ժամկետի մասին Սանկտ-Պետերբուրգում տեղեկացրել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Սերժ Սարգսյանը Ռուսաստան է մեկնել հունիսի 17-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով` մասնակցելու Սանկտ Պետերբուրգի ամենամյա միջազգային տնտեսական համաժողովի: Այսօր Հայաստանի նախագահը կմասնակցի հայ համայնքի կազմակերպած հոբելյանական տոնական միջոցառումներին. Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը նշում է այստեղ հայերի հաստատման 300-ամյակը: Սերժ Սարգսյանը ելույթ կունենա Տավրիկյան պալատում կայանալիք պաշտոնական ընդունելությանը: Սարգսյանը մնաց, Ալիեւը մեկնեց Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը` հունիսի 18-ին Հայաստանի նախագահը մասնակցել է միջազգային տնտեսական ֆորումի աշխատանքներին: «Պանորամա» կայքէջի տեղեկացմամբ, Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ֆորումի հանդիսավոր բացմանը, մասնակցել «Համաշխարհային տնտեսություն. Վերականգնում եւ կառավարում» խորագրով լիագումար նիստին: Ֆորումի ընթացքում քննարկվում են տարբեր հարցեր, առանցքային հարցերից մեկն է էներգետիկ անվտանգությունը, որն այս տարի էլ չի շրջանցվել: Ֆորումն անցկացվում է 14-րդ անգամ, այն գնալով ավելի ներկայացուցչական կազմ է հավաքում: Հայաստանը եւս միջոցառմանը մասնակցում է բավականին ներկայացուցչական կազմով, երկրի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են փոխվարչապետը, էկոնոմիկայի, ֆինանսների, սփյուռքի նախարարներն ու այլ պաշտոնատար անձինք: Հայաստանի նախագահը երրորդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին: Ադրբեջանի նախագահն արդեն հունիսի 17-ի ուշ երեկոյան Սանկտ Պետերբուրգում չէր, վերադարձել էր Բաքու: Այս հանգամանքն հետաքրքրական է, քանի որ մինչեւ Ռուսաստան մեկնելը Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը տեղեկացրել էր, թե Իլհամ Ալիեւը Պետերբուրգ է մեկնում Միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով, եւ դրա շրջանակներում էլ հանդիպելու էր Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հետ: Սակայն եռակողմ եւ ապա համանախագահների հետ հանդիպումից հետո Ալիեւ կրստերը հեռացել է Սանկտ Պետերբուրգից` իր ներկայությամբ «չպատվելով» միջազգային տնտեսական ֆորումը: Այս քայլը թերեւս բացատրելի է ալիեւյան վերջին հայտարարությունների ֆոնին, որոնց համաձայն Ադրբեջանի նախագահը, եւ ոչ միայն նա, շարունակաբար փորձում է աշխարհին ու նաեւ սեփական ժողովրդին համոզել, թե հայկական կողմն է ձգձգում գործընթացը ու չի ընդունում մադրիդյան սկզբունքները: Բաքվի հայտարարությունները, թե Հայաստանը երկար ձգում է, այսպես կոչված, նորացված մադրիդյան սկզբունքների առնչությամբ իր դիրքորոշումն արտահայտելու հարցը, գոնե Ալիեւի այս քայլի ֆոնին սնանկ են, այլապես ինչպես հասկանալ ամեն ինչում իբր հստակություն ունեցող Ադրբեջանի նախագահի շուտափույթ վերադարձը Բաքու: Ինչ էլ պատահած լինի, միանշանակ ասելիք չէ, թեեւ կարելի է ենթադրել, որ սուլթանական նկրտումներ ունեցող Ալիեւ կրտսերի համար Պետերբուրգում ամեն ինչ չէ, որ ընթացել է Ադրբեջանի նախագահի «ուզած ուղղությամբ»: Ինչեւէ, եթե Պետերբուրգում Ալիեւը դժգոհ լինելու առիթ է ունեցել, ապա Բաքու վերադառնալուն պես թերեւս վերագտել է կորցրած տրամադրությունը: Բանն այն է, որ Ադրբեջանում Ալիեւի «հավերժ» նախագահության օրենսդրական արդեն իսկ առկա դաշտում Ադրբեջանի խորհրդարանը ընդունել է եւս մեկ փաստաթուղթ, որ վերաբերում է Սահմանադրական դատարանին: Ըստ այդ փոփոխությունների, Սահմանադրական դատարանի մասին օրենք են մուտքագրվել Ադրբեջանի նախագահի լիազորությունների երկարացմանն առնչվող դրույթներ: ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: