Saturday, June 19, 2010

Panorama.am. 18-6-2010- Թուրք-իսրայելական բախման համատեքստում ԱՄՆ-ի իսրայելական լոբբին սկսել է դրսևորել իրեն ոչ բնորոշ պահվածք. այն է` աջակցություն Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: Փորձագետներից շատերը կարծում են, որ թուրք-իսրայելական բախման իրական սկիզբը ոչ թե «Ազատություն» նավատորմիղում կատարված միջադեպն է, այլ Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների սուր քննադատությունը թուրքական կառավարության կողմից: The Huffington Post-ը հրապարակել է Իսրայելի քաղաքական հարցերով վերլուծական ֆորումի տնօրեն Մ. Ջեյ Ռոզենբերգի հոդվածը: Վերջինս, վերհիշելով Ամերիկայի հրեական լոբբիի ներկայացուցիչների և Թուրքիայի տարբեր ներկայացուցիչների միջև հանդիպումները, որոնց ներկա է եղել նաև ինքը` հոդվածագիրը, գրում է. «Ամերիկայի հրեական համայնքի ներկայացուցիչները ուղղակիորեն հրահանգներ էին տալիս Թուրքիայի դեսպանին, թե ինչպես պետք է իրեն դրսևորի Թուրքիան Իսրայելի հարցում, որպեսզի իրենք շարունակեն խոչընդոտել ԱՄՆ-ի կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման առաջխաղացմանը: Երբեք չեմ հասկացել թուրքերի մերժողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հանդեպ: Ֆաշիստական Գերմանիան նույնպես ցեղասպանություն էր իրականացրել հրեաների հանդեպ, սակայն ժամանակակից Գերմանիան ընդունեց հրեաների հոլոքոստը և հիմա ապրում է հանգիստ խղճով: Ինչևէ, հրեական լոբբիի դիրքորոշումն ինձ համար բավականին ցինիկ է»: «Իհարկե, Թուրքիան Իսրայելի գործընկերն է, սակայն դա ամենևին էլ չի ենթադրում, որ հրեական լոբբին պետք է օգտագործի իր ողջ ազդեցությունը` ԱՄՆ-ին հետ պահելու 1,5 միլիոն սպանված մարդկանց հիշատակին տուրք մատուցելուց»,-նշում է Ռոզենբերգը և հրեական լոբբիին դիմելով` հիշեցնում Ադոլֆ Հիտլերի խոսքերը. «Ո՞վ է այսօր հիշում հայերի ջարդի մասին»: «Սակայն հիմա Նեթանյահուի կառավարությունը որոշել է, որ Թուրքիան պետք է պատժվի Գազայում Իսրայելի իրականացրած քաղաքականությանը հակադրվելու համար: Թուրքիան փորձում է հումանիզմի պաշտպանի դեր ստանձնել, որն իրեն չի սազում»,-գրում է Մ. Ջեյ Ռոզենբերգը և հարցնում. «Հիմա ի՞նչ, եթե Թուրքիան այլևս Իսրայելի ընկերը չէ, ուրեմն նրան պետք է աքացի տալով դուրս շպրտե՞լ ՆԱՏՕ-ից»: Ի պատասխան իր կողմից բարձրացված հարցադրմանը` Ռոզենբերգը նշում է, որ Թուրքիան ԱՄՆ-ի ռազմական դաշնակիցն է ՆԱՏՕ-ում, և եթե հրեական լոբբին սկսի սատարել ԱՄՆ-ի կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, նա առաջին հերթին հակասության մեջ կմտնի ԱՄՆ-ի շահերի հետ:

No comments: