Saturday, July 17, 2010

Սերժ Սարգսյանը Պենտագոնի ներկայացուցչի հետ քննարկել է Արցախի հարցը

Tert.am. 16-7-2010- Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալ Սելեսթ Վոլանդերին: Նա ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ համագործակցության խորացմամբ, ինչը ոչ միայն բխում է Հայաստանի երկրի շահերից, այլև կարևոր ներդրում կարող է ունենալ ամբողջ տարածաշրջանի անվտանգության ու կայունության ամրապնդման գործում: Անդրադառնալով միջազգային հանրության կողմից իրականացվող խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությանը, ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել միջազգային խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցության համար: Երկուստեք ընդգծվել է, որ դա ոչ միայն մեծ ներդրում է միջազգային հանրության կողմից իրականացվող գործողություններին, այլև նպաստում է ՀՀ զինված ուժերի մարտունակության աճին: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում` ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա փուլի վերաբերող հարցեր: Տիկին Վոլանդերն ընդգծել է, որ ռազմական ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության մասին Միացյալ Նահանգներն իր դիքորոշումն արտահայտում է բոլոր մակարդակներում և ԱՄՆ-ը վստահ է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Հանդիպմանը կարևորվել է պաշտպանության և անվտանգության ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցության հետագա ամրապնդումը և ԱՄՆ աջակցությունը`ՀՀ զինված ուժերի արդիականացման ու բարեփոխման գործում:

No comments: