Saturday, July 17, 2010

Դավութօղլու. Հայաստանը կտուժի, եթե Թուրքիայի մեկնած բարեկամական ձեռքը չսեղմի

News.am. 16-7-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն պատասխանել է «Ազգայանական շարժում» կուսակցության պատգամավոր Թուրան Չիրքինի գրավոր հարցադրմանը՝ անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների խնդրին։ Թուրքական Star-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն, հիշեցնելով Թուրքիայի՝ բոլոր հարեւանների հետ փոխադարձ հարգանքի եւ լավ հարեւանության քաղաքականությունը, նշել է, որ այդ հարցում վերջին տարիներին մեծ առաջընթաց կա, բացառությամբ Հայաստանի հետ հարաբերություններում։ «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առաջին քայլը հանդիսացավ արձանագրությունների ստորագրումը։ Այդ գործընթացի շարունակությունը կապված է Հայաստանի՝ խնդիրները լուծելու կառուցողական կամքի հետ»,-նշել է Դավութօղլուն։ Դավութօղլուն, հավատացած լինելով, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը Ղարաբաղի խնդրի լուծման վրա դրական ազդեցություն կունենա, շարունակել է. «Չնայած տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ նկատվող դժվարություններին, Թուրքիան օժտված է բավարար քաղաքական կամքով՝ շարունակել խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը։ Եթե Հայաստանն էլ ցույց տա նույն քաղաքական կամքը, գործընթացը ամբողջ տարածաշրջանի համար դրական առաջընթաց կունենա»,-նշել է Դավութօղլուն՝ ամփոփելով, որ եթե Հայաստանը չսեղմի Թուրքիայի մեկնած բարեկամական ձեռքը, ամենից շատ կտուժի։

No comments: