Saturday, July 31, 2010

ՄԱՅՐ ԱԹՈՌ. ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՆԱԼԲԱՆԴՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

«ԱԶԳ», 31-07-2010- Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Նալբանդովը մեր թերթի թղթակից Աղավնի Հարությունյանին տված հարցազրույցում անդրադարձել էր Վրաստանի հայկական համայնքի` մի քանի վիճելի եկեղեցիների վերադարձման պահանջներին` դրանք որակելով անհիմն: Նրա մեկնաբանությամբՙ պատմաբանների ուսումնասիրություններն ապացուցել են, որ եկեղեցիները վրացական են: Նալբանդովն ընդգծել է, որ Վրաստանը չի կարող պատմական հուշարձանները փոխանցել ֆիզիկական անձի, ինչպիսին է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը: «Ժառանգության իրավունք ունեն միայն իրավաբանական անձինք: Վիրահայոց թեմն այդ շարքին չի դասվում»: Նալբանդովի հայտարարության վերջին հատվածը վերաբերում էր հայ-վրացական հարաբերություններին: Փոխնախարարի վկայությամբ դրանք կարող էին ավելի արդյունավետ լինել, եթե Հայաստանը միջազգային կառույցներում եւ հատկապես ՄԱԿ-ում քվեարկեր Վրաստանի նախաձեռնած բանաձեւերի օգտին: Հայկական եկեղեցիների առնչությամբ Նալբանդովի հայտարարությունը Մայր աթոռը որակել է անհեթեթություն: «Հայ եկեղեցու Վիրահայոց թեմն իր համայնքի հոգեւոր պահանջների լիարժեքորեն բավարարման համար իսկապես այսօր պահանջում է իրեն վերադարձնել Թբիլիսիում եւ Վրաստանի այլ վայրերում գտնվող 6 եկեղեցիներ, որոնց պատմական հայկական ծագումը վրացական կողմը վիճարկում է», հայտարարել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը : Մայր աթոռին անհասկանալի է, թե պատմաբան-գիտնականների ինչպիսի խումբ է ներգրավված եղել ուսումնասիրությունների կատարման մեջ եւ պատմական ինչպիսի փաստեր են հիմք ընդունել այդ անհեթեթ եզրակացությանը հանգելու համար: «Այս առնչությամբ պիտի ցանկանայինք պարզաբանել, որ Հայաստանի եւ Վրաստանի ԱԳՆ-ների միջոցով իրականացված հաղորդակցության ընթացքին 2008-ին Վրաստանի կողմից առաջարկ է եղել ձեւավորել համատեղ հանձնախումբ վրացիների կողմից այսպես կոչված «վիճելի» որակված եկեղեցիների պատկանելությունը ճշտելու նպատակով: Մայր աթոռի մոտեցումը հստակ է` հանձնախումբը կարող է ձեւավորվել, եթե վրացական կողմը յուրաքանչյուր եկեղեցու վրացական պատկանելության օգտին ներկայացնի պատմական փաստեր ընդդեմ Մայր աթոռի ներկայացրածի», ասաց Վահրամ քահանա Մելիքյանը` հավաստիացնելով, որ առ այսօր ոչ ՀՀ ԱԳՆ-ին, ոչ էլ Մայր աթոռին որեւէ փաստ չի ներկայացվել: «Չի ներկայացվել, որովհետեւ այդպիսի փաստեր գոյություն չունեն»: Վիրահայոց թեմի` իրավաբանական անձի կարգավիճակ չունենալու կապակցությամբ էլ Վահրամ քահանան ընդգծեց, որ նախ օրենքով հաստատվում է, որ պատմական հուշարձանները Վրաստանում չեն կարող տրվել Վիրահայոց թեմին` իրավաբանական անձի կարգավիճակի բացակայության համար, սակայն տարիներ շարունակ ձգձվում է Վրաստանում պատմականորեն գործող ավանդական եկեղեցիներին եւ կրոնական կազմակերպություններին` ներառյալ Հայ առաքելական եկեղեցուն իրավական համապատասխան կարգավիճակ շնորհելու հարցը:

No comments: