Saturday, July 31, 2010

Վրաստանի հայկական դպրոցների որակն ընկնում է. հայոց լեզվի դեմ «կռիվ» է սկսվել

Tert.am. 30-7-2010- Վրաստանի հայկական դպրոցների թիվը տարեցտարի կրճատվում է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Թբիլիսիի հայկական ասամբելայի համակարգող Առնոլդ Ստեփանյանը՝ խնդրի շուրջ ներկայացնելով իր մտահոգությունները։ Ըստ նրա՝ հայկական դպրոցների թվի կրճատումը հիմնականում պայմանավորված է աշակերտների թվի նվազմամբ։ «Վրաստանի հայկական դպրոցներում այսօր բարեփոխումներ չեն կատարվում, դրանց որակն ընկել է։ Այստեղի հայկական դպրոցները չեն համապատասխանում 15 տարի առաջ եղած որակին»,- ահազանգեց Ստեփանյանը։ Հայկական դպրոցները մրցունակ չեն, այդ է պատճառը, որ վրացահայերի երեխաները հաճախում են վրացական և ռուսական դպրոցներ։ Առնոլդ Ստեփանյանի խոսքով՝ Վրաստանի իշխանությունները թույլ չեն տալիս, որպեսզի հայկական դպրոցները զարգանան, քանի որ փորձում են ոչինչ չպահանջող և ոչնչի չձգտող հայկական համայնք ձևավորել։ «Նորմալ գիտելիք չունեցող համայնքին ավելի հեշտ է կառավարել»,- նշեց նա։ Անդարադառնալով Ջավախքի հայկական դպրոցների և ուսուցիչների կրճատման խնդրին՝ Ստեփանյանը տեղեկացրեց, որ այստեղ հայոց լեզվի դեմ «կռիվ» է սկսվել։ Թբիլիսիի հայկական ասամբելան արդեն մի քանի ահազանգեր է ստացել այն մասին, որ Ջավախքում սկսել են կրճատել հայոց լեզվի ջատագովներ հանդիսացող ուսուցիչներին։ Թբիլիսիի հայկական ասամբլեան ահազանգում է՝ Վրաստանի, մասնավորապես՝ Ջավախքի հայկական դպրոցները լուրջ բարեփոխումների կարիք ունեն։ Ըստ Ստեփանյանի՝ այս հարցին պետք է պետական մակարդակով լուծում տրվի, «սակայն Հայաստանի կառավարությունը չի համագործակցում մեզ հետ»։ «Ես մտադիր էի հանդիպել և այդ հարցը ներկայացնել վերջերս Վրաստան այցելած Հայաստանի արտգործնախարարին։ Ցավոք, ինձ և հայերի խնդիրները բարձրացնողներին հանդիպման հնարավորություն չտվեցին»,- ընդգծեց Ստեփանյանը։ Նրա տեղեկացմամբ՝ Վրաստանի հայկական դպրոցների թիվը հասնում է շուրջ 150-ի։

No comments: