Saturday, July 31, 2010

Հայկական եկեղեցին Սինգապուրի խորհրդանիշերից է

Սակայն տեղաբնակները Հայաստանի տեղը չգիտեն Սինգապուրի առայժմ չգործող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ միակ հայկական առաքելական եկեղեցին 175 տարեկան է: Այդ առիթով տեղի հայկական համայնքը պատրաստվում է մեծ շուքով նշել այն: «Առավոտը» հյուրընկալեց Սինգապուրի Չինական միջազգային դպրոցի միջազգային բակալավրիատ ծրագրի ղեկավար, Սինգապուրում Հայաստանի արդյունաբերական պալատի ներկայացուցիչ Վահագն Վարդանյանին, որը պատմեց հայկական եկեղեցու, Սինգապուրի հայկական համայնքի ու հայերի նկատմամբ տեղացիների վերաբերմունքի մասին: Նրա հավաստմամբ, հայերին այնտեղ շատ լավ են ճանաչում, սակայն, մեր երկրի մասին տեղեկություն անգամ չունեն. «Երբ իմանում են, որ զրուցակիցը հայ է, դա անմիջապես ասոցացնում են հայկական եկեղեցու հետ»: Վ. Վարդանյանը նկատում է. «Սակայն հայերի նկատմամբ շատ ջերմ վերաբերմունք ունեն, Սինգապուրի պատմության ընթացքում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաքելական եկեղեցին մեծ նշանակություն է ունեցել: 20-րդ դարի սկզբին համայնքն ունեցել է շուրջ 100 ընտանիք: Իսկ այսօր փոքրաթիվ է՝ շուրջ 50 մարդ, հայերն ապրում են՝ պահպանելով իրենց ավանդույթները: Եկեղեցին հենց քաղաքի կենտրոնում է, համարվում է խորհրդանիշ եւ տուրիստական հիմնական այցելավայր: 70-ականներից, կառավարության որոշմամբ, այն երկրի ազգային ճարտարապետական կոթող է: Կողքն էլ գտնվում է հայկական փողոցը»: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ հայկական եկեղեցու 175-ամյակը կնշվի 2011 թվականի մարտին, պատարագն էլ կմատուցի Ավստրալիայի թեմի առաջնորդը: Նշենք, որ եկեղեցին կառուցվել է 1835 թվականի հոկտեմբերին, օծվել՝ 1836 թ. մարտին: «Պատարագներ տեղի չեն ունենում, աղոթքներ չեն հնչում... Վերջին անգամ, որքան ինձ հայտնի է, պատարագ է մատուցվել 2001 թվականին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն ընդունելու 1700-ամյակի առիթով»,- ասաց Վահագնը: Հետաքրքրվեցինք, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում համայնքի կողմից, որպեսզի վերջապես գործի եկեղեցին: «Հարցը ժամանակ առ ժամանակ բարձրացվել է, բայց առաջին հերթին պետք է հոգալ վերանորոգման ծախսերը... Հուսով ենք, որ հոբելյանի առիթով ներդրումներ կլինեն»,- ասաց մեր զրուցակիցը: ԼՈՒՍԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ «Առավոտ» 29-7-2010

No comments: