Saturday, July 31, 2010

ԴԵՐՍԻՄԻ ՀԱՅԵՐԸ ՏԵՐ ԵՆ ԿԱՆԳՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆԸ

«ԱԶԳ», 31-07-2010- Այդ մասին հուլիսի 24-ի համարում նշել է Ստամբուլի «Հայթերթ» կայքէջը: Ըստ տեղեկության, այդ նպատակին է ծառայելու վերջերս ստեղծված «Դերսիմի հայերի սոցիալական իրավիճակի, մշակույթի, կրթության, պատմության, դավանանքի ուսումնասիրության եւ համերաշխության» միությունը: Նախաձեռնող խմբի խոսնակ Միհրան Փրկիչ Գյուլթեքինը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ միությունը Դերսիմի հայերին պատկանող քաղաքացիական հասարակության առաջին կազմակերպությունն է, դրա կազմավորումը մեծ ոգեւորություն է առաջացրել, միությունը կազմավորվել է մայրենի լեզվի, մշակույթի եւ դավանանքի հետ Դերսիմի հայերի կապը վերականգնելու առաջադրանքով: Նա միաժամանակ նշել է, որ մինչեւ 20-րդ դարի սկզբները Դերսիմի բնակչության զգալի մասը հայ էր, քաղաքային բնակչությունն այստեղ տիրապետում էր հայերենի, սակայն պետության ճնշումները բնակչությանը զրկում էին նույնիսկ կենցաղում մայրենի լեզվով արտահայտվելու իրավունքից: Դերսիմում նախքան թուրքացումը, մեծապես հայկական են եղել նաեւ տեղանունները: Պետականորեն քանդվել եւ գետնին են հավասարվել Դերսիմի հայկական բոլոր եկեղեցիները: Ցեղասպանության տարիներին, հայերի նկատմամբ համեմատաբար բարյացակամ են եղել Դերսիմում միայն: Դերսիմցիների վկայությամբ, այնտեղ մասնակի պաշտպանել են հայերին, ինչի հետեւանքով հայերը ալավի են դարձելՙ յուրացնելով հարեւան քրդերի ապրելակերպը: Քեմալական իշխանությունները, սակայն, հայերին ապաստան տրամադրելու համար վրեժխնդիր են եղել դերսիմցիներիցՙ սպանելով ավելի քան 70 հազարին: Մեր կողմից ավելացնենք, որ խոսքը 1937-38 թթ. Դերսիմի կոտորածի մասին է, որը թուրք պատմագրության մեջ հիշատակվում է որպես ապստամբություն: Մինչեւ 1915-ի Ցեղասպանությունը Դերսիմի տարածքում գործել են 45 հայկական եկեղեցի եւ 5 վանք: Ինչ վերաբերում է հայերին, ապա այնտեղ նրանց պաշտպանել են ալավի զազաները: Հակառակ դրան, Դերսիմի սուննի քրդերը սիրահոժար մասնակցել են կոտորածներին:

No comments: